Pink Floyd-ը, հարբած բզեզները՝ Արամ Մանուկյանի նկարներում
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավոր թեկնածու Արամ Մանուկյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկա էին արվեստի, մշակույթի բնագավառի, ինչպես նաեւ՝ հասարակական-քաղաքական գործիչներ՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված բազմաթիվ անդամներ:
Թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն իր բացման խոսքում նշեց, որ Արամ Մանուկյանն առաջինն է եղել, որ 1990-ականներին ԱԺ շենքում ներկայացրել է ժամանակակից արվեստը. «Այսօր ներկայացված է նրա հոգու խոսքերը, զգացողությունները: Այսօր մենք տեսանք, ճանաչեցինք Արամ Մանուկյանին ուրիշ կողմից՝ ռոմանտիկ, նրբազգաց անձնավորություն»:
Արամ Մանուկյանն իր խոսքը սկսեց՝ նախ դիմելով ցուցահանդեսին ներկա նկարիչներին. «Ես պրոֆեսիոնալ չեմ: Իմ նկարներին վերաբերվեք մեղմ, թույլ քննադատությամբ: Ես ամենեւին չեմ ուզել նկարել՝ ցուցադրվելու համար: Այս աշխատանքներն իմ կենսագրությունն են, եւ այդ պատճառով ես չեմ կարող նրանք վաճառել կամ նվիրել: Այդ իմաստով ներող կլինեք: Այդ իմաստով պատահական չէ, որ գործերիցս ոչ մեկը վերնագիր չունի: 40 տարի հավաքվել են նկարչական աշխատանքներս եւ երբ 60 տարիս լրացավ, որոշեցի կազմակերպել այս ցուցահանդեսը, որը պատահականորեն համընկել է ընտրությունների հետ, սակայն սա ընտրությունների հետ բոլորովին կապ չունի»:
Նրա խոսքով՝ ամեն նկար մի հետաքրքիր պատմություն ունի. «Ինչքան ծաղիկ այստեղ տեսնում եք, նրանց մեծ մասը երեխաների ծնունդի հետ է կապված. Մանես ծնվել է, նկարել եմ, Արենս ծնվել է, նկարել եմ, ինչքան իմ հարազատներից երեխաներ են ծնվել, դա դարձել է նկար»:
Այնուհետեւ, ցույց տալով նկարներից մեկը՝ Արամ Մանուկյանը պատմեց նրա ստեղծման պատմությունը. «1990թ. ես, Մանեն, Արենը գիշերով գնացել ենք ծաղիկ հավաքելու, որ առավոտյան մաման տեսնի, ասի՝ ուաու, այս ինչ բան է: Ուրեմն, գիշերը հավաքած ծաղիկների մեջ քնած էին հազարավոր բզեզներ, եւ առավոտյան՝ արեւի բացվելուն պես, այս հազարավոր բզեզները թմրած վիճակից դուրս են եկել ու լցվել ամբողջ սենյակի հատակին ու պատուհանի գոգին: Դա մի ուրիշ տեսարան էր՝ Բակունցի հարբած բզեզներն էին»:
Գեղանկարիչ քաղաքական գործիչը իր նկարչական աշխատանքներն արել է երաժշտության տակ՝ Pink Floyd-ի երաժշտության տակ. «Փորձեք զգալ իմ ապրումները, զգացողությունները, սերը, քանի որ այդ երաժշտության ազդեցության տակ եմ նկարել: Նաեւ՝ նկարներիս մեծ մասը ժամանակին խենթ վիճակով են արվել, ասենք՝ սպիտակ գույն ստանալու համար ատամի մածուկ եմ օգտագործել, կտավ չունեի, ասենք՝ պարկի կտորների վրա էի նկարում, սակայն այդ ամենը այնքան քաղցր հիշողություններ են»:
Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց Շվեդիայի դեսպանատանը՝ աջակցության համար:
