Ինչպես համագործակցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Իրանի հետ
Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին`մեր երկրի արտաքին քաղաքականության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ Հայրենակիցնե’ր, Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար արտաքին քաղաքականությունն ունի մեծ նշանակություն։ Մեր ժողովրդին անհրաժեշտ է, որպեսզի Հարավային Կովկասում ստեղծվի անվտանգ, առանց ազգամիջյան կոնֆլիկտների ընդհանուր տնտեսական տարածք, որտեղ պետական սահմանները ապրանքների, մարդկանց եւ կապիտալի շարժի համար լինեն թափանցիկ: Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, բնական պաշարները, տնտեսական եւ սոցիալական ներուժը հանդիսանում են բավարար գործոններ տարածաշրջանում ապրող ժողովուրդների կայուն զարգացման համար։ Հարավային Կովկասը կարող է դառնալ միջազգային առեւտրի խոշոր հանգույց, ունենալ տեղական հումքով գործող առաջատար արդյունաբերություն եւ զարգացած գյուղատնտեսություն։ Տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հարցերի շուրջ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ համաձայնության գալու համար անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված, կոմպլեմենտար քաղաքականություն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Թուրքիայի եւ Իրանի հետ, ընդ որում թվարկած պետությունների հետ անհրաժեշտ է համագործակցել նաեւ հայ ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ։ ԱՄՆ-ի աջակցությամբ հարկավոր է լուծում գտնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին, Ֆրանսիայի հետ համագործակցելով՝ ստեղծել անվտանգության եւ զարգացման երաշխիքներ Մերձավոր Արեւելքում, Լիբանանում ու Սիրիայում ապրող հայերի եւ այլ քրիստոնյաների համար, Ռուսաստանի եւ Իրանի հետ համատեղ աջակցել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայ ժողովրդի խնդիրների համաշխարհային բնույթը հարկադրում է Հայաստանին ունենալ ազատության բարձր աստիճան արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում։ Հայաստանը չի կարող իր արտաքին քաղաքականության մեջ որեւէ ուղղություն գերադասել մնացածներից։ Շատ կարեւոր է հետեւել, որ անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը չխոչընդոտի եւ չսահմանափակի Արեւմուտքի, Թուրքիայի ու Իրանի հետ հարաբերությունները։ Հայաստանի արժանապատիվ եւ արդյունավետ արտաքին քաղաքականության հիմնասյուներն են՝
- Ազնիվ եւ հավասարակշռված դիվանագիտությունը,
- Լիարժեք ինքնուրույնությունը անվտանգության հարցերում եւ ժողովրդի կամարտահայտությունն` իշխանությանը առնչվող միջազգային համագործակցության հարցերում։