ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի բյուջետային քաղաքականության ասպարեզում, մասնավորապես ծախսերի հարցում, եւ վարչապետը եւ ֆինանսների նախարարը բավականին ճիշտ քաղաքականություն են վարում եւ չեն առաջնորդվում արկածախնդրությամբ»,- այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ իր հանդիպումն այսպես սկսեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Ողջունելով արկածախնդրությունից գործադիր մարմնից խուսափելու փաստը, պարոն Բագրատյանն անդրադարձավ նաեւ բացթողումներին եւ թերություններին: «Մենք գրեթե չունենք կառուցվածքային բարեփոխումների տեմպ, լուրջ խնդիրներ են կուտակվում նաեւ բանկային ոլորտում եւ ԿԲ-ն լուրջ բարեփոխումների կարիք ունի»,- ասաց պարոն Բագրատյանը: Չառանձացնելով ներկա եւ նախկին իշխանություններին, նա նշեց, որ մեր տնտեսությունը կրկին հանգել է աշխարհաքաղաքական սահմանափակումներին. «Մենք պետք է հասկանանք` այն ինչ կապված է սննդի, գյուղատնտեսության հետ, զարգացման առումով մոտենում է իր սահմաններին: Երբ այսօր հայտարարում են, որ գյուղատնտեսությունը 70 տոկոս աճ է արձանագրել, ես շոյվում եմ, որովհետեւ ժամանակին ամենաշատը քննադատվել է հողային ռեֆորմը, սակայն 70 տոկոս աճ չկա: Մենք չենք կարողանում մասնագիտացնել գյուղատնտեսությունը: Մենք որեւէ լուրջ քայլ չունենք եւ նույնիսկ հետընթաց ունենք քիչ թե շատ բարձր տեխնոլոգիաների արտադրություններում: Պետք է հասկանանք, որ խնդիրը միայն տնտեսական քաղաքականությունը կամ իշխանության տեսակն ու մարդը չէ: Անհնար է ունենալ լուրջ տնտեսություն՝ առանց հարեւանների հետ կոոպերացված լինելու»:
Ըստ պարոն Բագրատյանի, հարեւանների հետ մեր հարաբերությունների գինը կապված է ԼՂ հիմնախնդրի հետ: Նա ընդունում է, որ երկրում կա տնտեսական աճ, սակայն միաժամանակ համոզված է, որ առանձին տարիներին, դրանք 2-3 անգամ ուռճացվել են: Որպես կարեւոր բացթողում նա համարում է մեր հարեւանների հետ տնտեսական հարաբերությունների բացակայությունը. «Մենք այսօր տնտեսական հարաբերություններ չունենք մեր հարեւանների հետ, սակայն հարաբերություններ ունենք մեր հարեւանների հարեւանների հետ»: Նախկին վարչապետի հաշվարկներով, այսօր Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքի 50 տոկոսից ավելին վերահսկվում է 45 ընտանիքի միջոցով. «Այսինքն` նրանք են հիմնական գործատուները, եւ դա ունի իր քաղաքական հստակ հետեւանքները: Քաղաքական դաշտում այլեւս չկան այն արժեքները, որոնք կային 15 տարի առաջ: Այսօր այդ մարդիկ հայտարարում են, որ սա իր տարածքն է, սա իր ընտրողն է»:
Պարոն Բագրատյանի կարծիքով այսօր անհրաժեշտ է հաղթահարել ստեղծված իրավիճակը. «Եթե մենք ասում ենք, որ ուզում ենք գնալ Եվրոպա, ապա այսօր մեր աշխարհաքաղաքական եւ մակրոտնտեսական լուծումները չեն տանում Եվրոպա: Մեր աշխարհաքաղաքական համակարգը բախվել է իր զարգացման լիմիտի հետ: Կարելի է ամեն անգամ 10 տոկոս աճ նկարել, սակայն դրաից ոչինչ չի փոխվում: Տնտեսական աճը էլ ավելի ակտիվ փոխանակություն է: Եթե ուզում ես աճել, նշանակում է պետք է անընդհատ չվերցնես, ինչ-որ բան էլ պետք է դու տաս: Եթե հասարակությունը չի զարգանում` բարոյալքվում է»:
Նրա կարծիքով նույն տրամաբանությամբ պետք է վերաբերվել Թուրքիային. «Ինչու՞ ենք մենք ասում, որ Թուրքիան չպետք է գնա ԵՄ: Ինչու՞ ենք մենք ուզում, որ Թուրքիան վատ ապրի: Թուրքիան պետք է դառնա ԵՄ անդամ, ԵՄ անդամ պետք է դառնա նաեւ Հայաստանը: Մենք խնդիր չունենք Թուրքիայի հետ: Նման քաղաքականություն վարելով մենք կարող ենք նաեւ կորցնել Ղարաբաղը»: