«Անհնար է պատկերացնել Լեհաստանի պատմությունը, նրա մշակույթը և ավանդույթները առանց հայերի բազմադարյա ավանդի» (տեսանյութ)
Լեհաստանում բարձր մակարդակով շարունակվում են ընթանալ Լեհական թագավորությունում հայկական թեմի հիմնադրման 650 ամյակին նվիրված միջոցառումները: Մարտի 29-ին այդ առիթով նախագահական պալատում տեղի ունեցավ լեհահայ համայնքի ներկայացուցիչների հետ Լեհաստանի նախագահ Անդջեյ Դուդայի հանդիպումը: 1367 թ-ին հունվարի 20-ին Լեհաստանի թագավոր Կաժիմիեժ Մեծի հատուկ հրովարտակով հայոց Գրիգոր եպիսկոպոսը Լվովում հիմնեց թեմ՝ այն դարձնելով իր նստավայրը: Թագավորական այդ հրովարտակը այսօր պահվում է Վարշավայի Հին փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվում: Հոբելյանի առթիվ այդ հրովարտակը մեկօրյա ցուցադրության նպատակով պետական արխիվից բերվել էր նախագահական պալատ: -Անհնար է պատկերացնել Լեհաստանի պատմությունը, նրա մշակույթը և ավանդույթները առանց այդ պատմության մեջ հայերի բազմադարյա ավանդի,- լեհահայ համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում նշել է նախագահ Անդջեյ Դուդան: Նա մասնավորապես իր խորին շնորհակալությունն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին Լեհաստանի նկատմամբ տածած հայրենասիրության և ստեղծագործ աշխատանքի համար: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել էր դեռևս հունվարի 20-ին՝ թագավորական հրովարտակի շնորհման օրը՝ լեհահայ մի շարք կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիսավոր արարողությամբ: Ողջ տարվա ընթացքում Լեհաստանի տարբեր քաղաքներում տեղի են ունենալու հոբելյանական միջոցառումներ: Հայաստանում հոբելյանական միջոցառումների շրջանակներում Մատենադարանում առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմակերպվելու է լեհահայ գրչությանը նվիրված ցուցահանդես, որը գործելու է մինչև տարեվերջ: Ի թիվս այլ ցուցանմուշների, որոնց զգալի մասը երբևիցե չի ցուցադրվել, ներկայացվելու է լեհահայոց արքեպիսկոպոս Հովհաննեսին պատկանող ձեռագիրը (1379թ.):