Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տավուշի հյուսիսում դժվար էր գտնել չվերահսկվող քվեարկություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
daniel

Ընտրատեղամասերի 52 տոկոսում արձանագրվել է վերահսկվող քվեարկություն։ Այդ մասին այսօրվա ասուլիսին հայտնեց  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Քվեարկության արդյունքների վրա ազդեցություն ունեցող արձանագրված  ամենալուրջ և համատարած խախտումը վերահսկվող քվեարկությունն էր, երբ քվեարկողից բացի, այլ մարդիկ էլ են տեսնում,  թե նա ինչպես է  քվեարկում»,- ասաց նա։ Վերահսկվող քվեարկություն զգալի մասը արձանագրվել է Տավուշի հյուսիսում և Գեղարքունիքի հարավ-արևելյան շրջանում՝ Մարտունիում։ Ահազանգեր կային նաև Շենգավիթից, Արարատից և այլ տարածքներից։ Դրա մասին ոչ միայն դիտորդներն են ահազանգում, այդ քվեարկությունը երևում է անգամ  տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով։ «Տավուշի հյուսիսում մենք ուղղակի փորձում էինք գտնել մի տեղամաս, որտեղ  մարդիկ ինքնուրույն են քվեարկում  և միայնակ են մտնում քվեախցիկ, տեղամասերից շատերում քվեախցիկների հետևում կանգնած էին մարդիկ, տեղամաս կար, որտեղ չարձանագրվեց  գոնե կես ժամ, երբ  ընտրողը ինքնուրույն քվեարկեր»,- ասաց  Դանիել Իոաննիսյանը։ «Իսկ հանձնաժողովի անդամները որևէ կերպ մտադրված չէին պայքարել վերահսկվող քվեարկության դեմ,  արձանագրել , և այդ իրավիճակը շարունակվեց այնքան ժամանակ ինչքան և շարունակվեց ընտրողների ինտենսիվ հոսքը»,- ամփոփեց  Դանիել Իոաննիսյանը։