Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԸ ՀԱՐԵՎԱՆԻ ՊԱՐՏՔԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ Է

Տնտեսություն

Պարտքի քանակը կարեւոր չէ, կարեւոր է, որ նույնիսկ պարտք ունենալու դեպքում պետությունն ավելի լավ պայմաններում լինի, քան հարեւան երկրները: Համենայնդեպս այսպիսի տրամաբանությամբ են առաջնորդվում մեր պաշտոնյաները, երբ խոսում են ՀՀ արտաքին պարտքի մասին` նշելով. «Մենք ունենք լավագույն պարտքային պորտֆելը»:

Թե որն է այդ պորտֆելի «լավագույն» հատվածը, բացատրում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Նրա փոխանցմամբ, մեր «հարկային պորտֆելը» առանց խիստ պարտավորությունների է, զրո տոկոսադրույքով, 10 տարի արտոնյալ ժամկետով եւ այդ ժամկետից հետո հավասարաչափ մարման ժամկետներով: Այսինքն` այդ ամենը բյուջեի համար ծանր չի: Արշալույս Մարգարյանը նաեւ նշում է, որ Հայաստանն այսօր գտնվում այն երկրների շարքում, որոնք ունեն «ցածր պարտքային բեռ»` ի տարբերություն հարեւանների:

Այսօրվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 1 միլիարդ 168 մլն դոլար: Այդ պարտքի մեծ մասը` 1 միլիարդ 95 միլիոնը բաժին է ընկնում կառավարությանը, իսկ Կենտրոնական Բանկի պարտքը կազմում է 166 միլիոն: Ըստ կանխատեսումների, 2007-ին Հայաստանի արտաքին պարտքը կազմելու է 1 միլիարդ 369 միլիոն դոլար: Ի դեպ, կառավարությունում մշակվել են մի քանի սցենարներ` կանխատեսելու, թե 2025 թվականին ինչ վիճակում է լինելու արտաքին պարտքի վիճակը: Սցենարները մի քանիսն են` լավագույնից մինչեւ վատթարագույն, տնտեսական երկնիշ աճերի պահպանման կամ ընդամենը 2.5-3%-անոց աճեր: Դիտարկվող բոլոր սցենարների դեպքում էլ, ըստ պարոն Մարգարյանի, «դեպքերից ոչ մեկում չի ստացվում, որ 2025 թվականին Հայաստանն ընկնում է ծանր պարտքային բեռ ունեցողների շարք»:

Ի դեպ, արտաքին պարտքի մեծ մասը` 70%-ը Հայաստանը պարտք է Համաշխարհային Բանկին, որը պարտքեր է տալիս տարբեր երկրներին այնտեղ որոշակի ծրագրեր ու պայմաններ իրականացնելու ոչ թե ակնկալիքով, այլ պարտադրությամբ: Ինֆորմացիայի համար, օրինակ` հետաքրքիր է իմանալ, որ Մերձբալթյան երկրները հենց սկզբից էլ հրաժարվել են պարտքեր վերցնել Համաշխարհային Բանկից: Այնուամենայնիվ, չնայած այս ամենին Հայաստանը գոհ է իր «պարտատուից» ու ներկայացված պահանջներից: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ լուծարումից եւ պետությունների միջեւ «ապահարզան» ձեւակերպելուց հետո Հայաստանն իր անկախությունը սկսում էր 58 մլն էքյուով (մինչեւ եվրոի գործածության մեջ մտցնելը միասնական միավոր-խմբ.), դա կազմում էր 70 միլիոն դոլարից ավելի:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին պարտքին, ապա մինչեւ դեկտեմբերի 31-ը այն լինելու 58 միլիարդ 160 միլիոն 933 հազար դրամ: