Ինչ կանեն եզդի և քուրդ պատգամավորները խորհրդարանում (տեսանյութ)
Հայաստանի եզդիական համայնքը կունենա իր ներկայացուցիչը նոր խորհրդարանում: ՀՀԿ համապետական ցուցակով առաջադրված եզդիական համայնքի ներկայացուցիչը վստահեցնում է՝ իրենք երբեք անտեսված չեն եղել ու լուրջ չլուծված խնդիրներ չունեն, բայց եւ համոզված է, որ իր ներկայությունը խորհրդարանում ավելի օգտակար կլինի: «Քարոզարշավի ընթացքում նկատեցի, որ անընդհատ ուզում են, որ խորհրդարանում ներկայացնենք Իրաքի հյուսիսում եզդիների ցեղասպանության հարցը, ու դա պետության կողմից ճանաչվի: Առաջին նախաձեռնությունս հենց դա է լինելու: Բայց ես դրան նրբանկատորեն եմ մոտենում, պետք է հաշվի առնենք պետական շահը,երկրի անվտանգությունը»,- ասում է ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Ռուստամ Մախմուդյանը Ազգային ժողովում մանդատ կունենա նաեւ քրդական համայնքի ներկայացուցիչը: Չնայած մինչեւ պատգամավորության թեկնածու լինելը նա մշտապես աշխատել է պետական մարմիններում ու բարձրաձայնել իր համայնքի խնդիրները, բայց խորհրդարանում նրա համոզմամբ, ավելի արագ ու արդյունավետ լուծումներ կգտնվեն. «Մեր համայնքին ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր կլինեն, կրթության , մշակույթի լեզվի պահպանման, ուսուցման, մարդու իրավունքների պահպանման հարցերում: Մեր գյուղերում ինչ խնդիրներ որ առաջանան, մենք կբարձրաձայնենք ԱԺ ում»,- ասում է ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Կնյազ Հասանովը: Մանրամասները՝ տեսանյութում