«Հայաստանի համար սպառնալիք է Կովկասում կուտակված ծայրահեղական իսլամական ներուժը» (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունը միանշանակ ահաբեկչական հարձակում էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այդ ահաբեկչությունը «Իսլամական պետության» ձեռքի գործն է: «Թեեւ այդ կառույցը դեռ լուռ է. սակայն կարծում են, որ դեռ կարող է ստանձնել այդ ահաբեկչությունը։ Սովորաբար կազմակերպությունը հաջորդ օրն է ստանձնում նման ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն եղել են նաեւ դեպքեր երբ 4-5 օր անց է ստանձնել»: Արաբագետի դիտարկմամբ առհասարակ, ահաբեկչությունը դարձել է արդյունավետ հարցեր լուծելու միջոց: Նա հիշեցրեց «Իսլամական պետության» հասարակայնության հետ պատասխանատուի ուղերձը: «Երեսուն րոպեանոց այդ ուղերձը կոչ էր ջիհադական պայքարը ակտիվացնելու ողջ աշխարհում, բայց Պետերբուրգի մասին ոչինչ չի ասվել: Ակնկալվում է, որ այդ կոչից հետո նրանք կստանձնեն ահաբեկությունը: Ամեն դեպքում ակնհայտ է, որ ձեռագիրը միանշանակ մահապարտ ահաբեկչի է»: Նա նշեց, որ առաջին անգամ է, որ ահաբեկիչը Կենտրոնական Ասիայից է: «Ահաբեկչության բնույթը փոխվում է եւ վերլուծությունը ցույց է տալիս, որ սպառնալիքը ուժգնանում է. հնարավոր չէ զսպել առավել եւս որսալ ահաբեկչին՝ մինչեւ ահաբեկչությունը, քանի որ անցումը աշխարհիկ կյանքով ապրողից մինչեւ ահաբեկիչ, շատ կարճ է տեւում՝ ինչպես այս դեպքում է, մինչեւ ահաբեկչություն կատարելը 22 տարեկան երիտասարդը ապրել է աշխարհիկ կյանքով»: Անդրադառնալով Հայաստանի համար «Իսլամական պետությունից» սպառնալիք տեսնելուն, արաբագետը նշեց, որ Հայաստանի համար սպառնալիք է տեսնում միայն Կովկասից: «Այդտեղ լուրջ ծայրահեղական իսլամական ներուժ է կուտակված։ Ընդ որում՝ այդ սպառնալիքը ոչ միայն նրանցից է, ովքեր եղել են «Իսլամական պետությունում» եւ վերապատրաստում են անցել, այլեւ նրանցից, ովքեր երբեւէ այնտեղ չեն եղել: Վտանգավոր կարող են լինել ոչ միայն մահմեդականները, այլ նաեւ վրացիները: Իսկ մենք շատ մոտ ենք Կովկասին»: Նա նշեց, որ Կովկասում «Իսլամական պետությունը» վիլայեթ ունի, որի ձեռքի գործն է Ս. Գրիգորյանը համարում նաեւ Դաղստանում եւ Չեչնիայում ահաբեկիչների ակտիվությունը։ «Չի բացառվում, որ այստեղ նրանք ավելի ակտիվ գործողությունների կգնան»։ «Երկու ամիս առաջ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը հայտարարեց, որ 900 ադրբեջանցի գնացել եւ անդամակցել է զանազան ծայրահեղական խմբավորումների։ Կան նաեւ ադրբեջանցիներ, որ գնացել են Թուրքիա, սակայն չեն կարողացել սահմանն անցնել դեպի Սիրիա։ Այդ ադրբեջանցիները չեն մտնում այն 900-ի մեջ եւ նրանք կարող են վերադառնալ Ադրբեջան։ Քանի որ նրանց ձեռքերը դեռ արյունոտ չեն, սակայն նրանք կարող են ավելի վտանգավոր լինել, քան այն ադրբեջանցիները, ովքեր անդամակցել են խմբավորմանը»։ Նրա դիտարկմամբ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ «Իսլամական պետության» զորաջոկատ չի եղել, քանի որ երբ ադրբեջանցին գնում է «Իսլամական պետությանն» անդամակցելու՝ նա դադարում է լինել ադրբեջանցի, այդ դեպքում նա դառնում է «Իսլամական պետության» քաղաքացի, իսկ «Իսլամական պետությունը» վերազգային կառույց է։