Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՆԵՐԻ» ՓՈՂԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ

Տնտեսություն

«Ամերիկյան ժողովուրդը 236 մլն դոլար ներդրում է անում Հայաստանի ապագայի մեջ»,- այսօր Երեւանում հայտարարեց Հազարամյակի մարտահրավերների կազմակերպության հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը:

Այսօր արդեն այդ գումարից 882 հազար դոլար ուղարկվել է Հայաստան, իսկ մինչեւ տարվա վերջ այդ գումարին կավելանա եւս 507 հազար դոլար:

Այս մասին տեղեկացրեց ՀՄՀ Հայաստանի պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը՝ հրավիրված առաջին ասուլիսում: Փաստորեն, առաջին հատկացումը 1,4 մլն դոլար արդեն ամերիկյան կառավարությունն իրականացրեց:

«Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի գործունեության բարձր ցուցանիշներ արդարացի կառավարման, մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու եւ տնտեսական ազատությունները խթանելու ոլորտում, որպեսզի շարունակի ստանալ այդ ֆինանսական միջոցները:

Միայն ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու, այդ թվում 2007 եւ 2008 թվականների ընտրություններում ազատ եւ արդարացի գործընթացներն ապահովելու միջոցով Հայաստանը կկարողանա երաշխավորել 236 մլն դոլար արժողությամբ այս ծրագրի շարունակումը»,- հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:

Նա եւ Ալեքս Ռասինը հույս հայտնեցին, որ 5- ամյա ծրագիրը հաջողությամբ կիրականացվի եւ Հայաստանը ժողովրդավարության, ազատ, արդար ընտրությունների վերաբերյալ փորձությունը պատվով կհաղթահարի: Նրանց լավատեսությունը հիմնված էր ընդամենը իշխանության խոստումների վրա, եւ այն փաստի, որ ծրագրի իրականացման ընթացքում հասարակական վերահսկողություն է իրականացվելու:

ՀՄՀ ամերիկյան կողմը բնականաբար մտավախություն եւ կասկածներ ունի ՀՀ-ում քաղաքացիների իրավունքների եւ ազատ ընտրությունների անցկացման հարցում, բայց նաեւ հավատում է կառավարության խոստումներին եւ մամուլի աջակցությանը:

Մի քանի անգամ այսօր շեշտվեց հասարակական սեկտորի եւ մամուլի դերն ու նշանակությունը: Բացի այդ, ամերիկյան կողմը եւս վերահսկողություն է իրականացնելու եւ հուսով է, որ գյուղական աղքատության նվազեցմանն ու տարեկան եկամուտների բարձրացմանը նպաստող ծրագիրը կհասնի իր տրամաբանական ավարտին:

Շահառուների խորհուրդի անունից խոսեց Լեւոն Բարսեղյանը, որը վստահեցրեց, որ շահառուների խորհրդից ոչ ոք աշխատավարձ կամ հոնորար չի ստանում եւ ծրագրի հետ կապված որեւէ շահագրգռություն չունի, եւ շահառուների միակ խնդիրն է հետեւել, որ միջոցները նպատակային ծախսվեն եւ հասնեն թիրախային խմբերին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ հազարամյակի մարտահրավեր կորպորացիան հաստատել էր եւ 2006 թվականի մարտի 27-ին կնքվեց, իսկ սեպտեմբերի 29-ին գործողության մեջ մտած համաձայնագրով նախատեսվում է կրճատել գյուղական աղքատությունը՝ գյուղական ոլորտում տնտեսական ցուցանիշների կայուն եւ տեւական աճի ապահովման միջոցով:

Ի դեպ, գյուղերին, ֆերմերներին, ագրոբիզնեսին աջակցելու ընտրությունը կատարել է կառավարությունը՝ առանց ԱՄՆ-ի կառավարության ուղղորդման կամ հորդորի,-նկատեց էնթոնի Գոդֆրին:

Ի դեպ, ծրագրի իրականացման աշխատանքների համար 236 մլն դոլարից նախատեսված է հատկացնել 5 մլն-ը՝ 5 տարվա ընթացքում: