Հայ-ամերիկյան կազմակերպությունների դիրքորոշումը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների շուրջ (տեսանյութ)
Ամերիկայի ձայն «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Վաշինգտոնի հայ-ամերիկյան առաջատար կազմակերպությունների ղեկավարները պարզաբանում են իրենց առաքելությունն ու նպատակները՝ անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին: «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթը ասել էր, թե Սփյուռքը փայլուն արդյունքների է հասնում միջազգային ասպարեզում Հայաստանի խնդիրները կարգավորելու հարցում, սակայն չի օգտագործում իր ներուժը Հայաստանի ներսում ժողովրդավարության խթանման գործում: Այս թեմայով մեր զրույցի ընթացքում Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին պարզաբանեց կազմակերպության գործունեության նպատակները: Նա ասաց,- «Ամերիկայի հայկական համագումարը շահ չհետապնդող կազմակերպություն է և դա այդպես է ո՛չ միայն ամերիկյան, այլ նաև հայկական կոնտեքստում: Մենք վարչական որևէ շահ չենք հետապնդում, թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Հայաստանում: Մենք աշխատում ենք Հայ-ամերիկյան հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ: Եվ այս հարաբերությունների բարելավման ուղիներից մեկը ժողովրդավարության կառուցումն է: Այդ իսկ պատճառով անցյալ տարի մենք ուրախ էինք տեսնել, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հետ միասին որոշեցին Հայաստանին ֆինանսավորում տրամադրել՝ իր այժմ արդեն, կայացած խորհրդարանական ընտրություններում ժողովրդավարական ընթացք ապահովելու համար»: Բրայան Արդունին նաև հավելեց, որ Ամերիկայի Հայկական համագումարը խրախուսում է ժողովրադավարության կառուցման նպատակով ԱՄՆ-ի տրամադրած ֆինանսավորումը, ինչպես նաև տարիների ընթացքում աջակցել է Հայաստանում քաղաքացիական հասարակության կառուցմանը: