Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍՏՐԿԱՏԻՐՈՋԸ»` ՀԻՆԳ ՏԱՐԻ

Մարզեր

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ շարունակվել է Արարատ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ 1966 թվականին Ոսկեհասկում ծնված եւ խնամքին երեք երեխա ունեցող Արարատ Մուրադյանը մեղադրվում է այլ անձանց աշխատանքում ներգրավելու միջոցով շահ ստանալու մեջ:

Ամբաստանյալը 2004 թվականի ապրիլին ՌԴ-ում շինարարական աշխատանքով բարձր վարձատրություն տալու խոստմամբ, 18 տարին չլրացած Էդգար Կարապետյանին, նրա հորը՝ Ռոբերտ Կարապետյանին եւ Աշոտ Գրիգորյանին տարել է Հայաստանից:

Վերջիններիս ռուսաստանյան քաղաքում ստրկությանը հավասարազոր վիճակի հասցնելով, սպառնալիքների եւ միաժամանակ բռնության գործադրման միջոցով, շուրջ մեկ տարի շահագործել է, չվճարելով 176 հազար ռուսական ռուբլի:

Առաջին ատյանի դատարանը հաստատված համարեց ամբաստանյալին ներկայացված մեղադրանքը եւ վճռեց նրան դատապարտել ազատազրկման 5 տարի ժամանակով:

Դատարանը վճռեց նաեւ տուժողների շահագործումից ստացած գումարներից մեղադրյալից բռնագանձումներ կատարել նրանցից յուրաքանչյուրի օգտին:

Դատարանի վճռից մեղադրյալի հարազատները դժգոհ մնացին:

Արմենուհի Մինասյան

Գյումրի, «Ցայգ»