Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում կանցկացվի Պեչա-Կուչա երեկո

Մշակույթ
pecha

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի աջակցությամբ ապրիլի 10-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Երևանի 23-րդ Պեչա-Կուչա երեկոն: Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կոլբա Լաբի» հետ համատեղ: Ծրագրի աջակցությամբ Հայաստան են ժամանել միջոցառման երկու խոսնակները՝ Փեթեր Լենին և Ռոբերտ Բլաշկոն: Փեթեր Լենին Սլովակիայից է, «2021» ճարտարապետական ստուդիայի հիմնադիրներից: Ռոբերտ Բլաշկոն ևս Սլովակիայից է:  Նա մշակութային կենտրոնի հիմնադիրներից է և ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների վերանորոգման ծրագրերում: Միջոցառման 12 խոսնակները միջազգային եւ տեղացի ճարտարապետներ են, մշակութաբաններ, ինտերիեր դիզայներներ եւ ձեռներեցներ:   Ապրիլի 11-ին Փեթեր Լենին և Ռոբերտ Բլաշկոն դասախոսություններով հանդես կգան Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի ուսանողների համար՝ նրանց ներկայացնելով ժամանակակից ճարտարապետության միտումներն ու ուղղությունները: Նույն օրը ԱրտԲրիջ գրախանութ-սրճարանում տեղի կունենա «Մշակութային կենտրոնների դիզայնի ուղեցույց» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: «Մշակութային կենտրոնների դիզայնի ուղեցույց»-ը թարգմանվել է վեց լեզվով: Գիրքը ուսումնասիրում է 30 մշակութային տարածք, հիմնականում Եվրոպայում` բացահայտելով քաղաքացիական և մշակութային պաշտպանների կողմից քաղաքների մշակութային ժառանգության վերականգնման դեպքեր: Ձեռնարկի հեղինակ Փեթեր Լենին իր ուսումնասիրություններն սկսել է 2011 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր մշակութային կենտրոններից հավաքել է 123 պատմություն: Տեքստերը պատմում են վայրերի մշակութային ժառանգության վերականգնման բարդությունների մասին և այն օգուտների, որոնք վերջիններս բերում են համայնքներին:  Ձեռնարկը բաղկացած է զրույցներից, նկարներից և գծապատկերներից և կհետաքրքրի թե՛ ճարտարապետներին, թե՛ այլ մասնագետներին: Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել  մշակութային ու ստեղծագործական ոլորտների՝ կայուն մարդասիրական, սոցիալական և տնտեսական զարգացմանը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: