«Հայաստանի կառավարությունը չի կարող ՄԻԵԴ-ի հարցերին օբյեկտիվ պատասխաններ տալ» (տեսանյութ)
Զինծառայող Արտակ Նազարյանի գործով ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը։ Եվրոպական ատյանին հատկապես երեք հանգամանք է հետաքրքրում։ «Արդյոք Մարդու իրավունքների Կոնվեցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը խախտվել է Արտակ Նազարյանի պարագայում։ Արդյոք կյանքի իրավունքի ընթացակարգային պաշտպանությունը պատշաճ կերպով իրականացվել է ներպետական ատյաններում, և արդյոք չի խախտվել արդար դատաքննության իրավունքը»,- ասում է Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը։ 2010 թվականին Տավուշի մարզի հենակետերից մեկում մահացած զինծառայող Արտակ Նազարյանի գործը շարունակում է մնալ չբացահայտված։ Ընտանիքը չի ընդունում պաշտոնական բացատրությունը, թե իրենց որդին ինքնասպան է եղել։ Արտակ Նազարյանի հարազատների պայքարը ներպետական ատյաններում չի հաջողել։ Դատարանն ու քննչական մարմիններն անտեսել են բոլոր հարցադրումները, որոնք կարող էին հերքել ինքնասպանության վարկածն ու գործը բացահայտման ուղիով տանել։ «Քննչական մարմինները նաև աղավաղել, նույնիսկ փչացրել են իրեղեն ապացույցներ, օրինակ՝ եղբորս ամրակցված զենքը, որին վերագրվում է մահվան գործիքի դերը, զերծ է եղել մատնահետքերից։ Կամ նա սպանվել է իբրև թե իր զենքից, բայց իր ստացած120 փամփուշտները տեղում են եղել։ Դեպքի վայրում հայտնաբեվել է մի համարի պարկուճ, փորձաքննության է ենթարկվել այլ համարի պարկուճ»,- ասում է Ծովինար Նազարյանը։ Հայաստանի կառավարությունը չի կարող ՄԻԵԴ-ի հարցերին օբյեկտիվ պատասխաններ տալ համոզված է Արտակ Նազարյանի քույրը։ Գործն այն ժամանակ զինդատախազ Գևորգ Կոստանյանն է վերահսկել։ Իսկ հիմա հենց նա է Հայաստանի ներկայացուցիչը Եվրոպական ատյանում։ «Այսինքն՝ սպասել, որ օբյեկտիվ պատասխաններ կհնչեն նախկին զինդատախազի ու այժմյան Հայաստանի ներկայացուցչի կողմից, ուղղակի միամտություն կլինի»։ Արտակ Նազարյանի քույրը գիտի՝ ովքեր են եղբոր մահվան հանգամանքների չբացահայտման մեղավորները։ «Մագնիտկու լիստի օրինակով կարող է լինել Նազարյան ցուցակ, որտեղ տասնյակ պաշտոնյաների անուններ կարող են հայտնվել, սկսած զինդատախազ Կոստանյանից, ինչու չէ նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, դատավոր Սամվել Մարդանյան։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր ամեն ինչ արել են որ գործը կոծկվի»։ Եղբոր մահվանից հետո Ծովինար Նազարյանը «Բանակն իրականում» նախաձեռնության շրջանակներում սկսեց պայքարել այլ զինծառայողների սպանությունների բացահայտման համար ևս։ Բանակում սպանությունների բացահայտման համար համակարգված պայքար է պետք տանել։ «Հակառակ դեպքում իշխանավորները գործարքներ են առաջարկում, փոքրիկ զիջումներ են անում, գործը վերաբացում են, հետո՝ նույն հաջողությամբ փակում են։ Այսինքն՝ եթե մենք պայքարենք միայն մեկ գործի համար մեծ արդյունքի չենք հասնելու»,-ասում է նա։ Ծովինար Նազարյանը հույս ունի՝ գոնե եղբոր գործի հանրային մեծ հնչեղություն ստանալը պատճառ կդառնա, որ զինվորական գործերի քննությունների ու դատավարությունների ձեռագիրն ի վերջո կփոխվի։