ՀՀ տնտեսական աճը 2017թ. կկազմի մոտ 3 տոկոս, գնաճը՝2 տոկոս. ԱՄՀ (տեսանյութ)
Հայաստանը շարունակում է կրել արտաքին ցնցումների ազդեցությունը: Այսօր կայացած ասուլիսին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիին նշեց, որ, մասնավորապես 2014թ.-ի վերջից էականորեն նվազել են դրամական փոխանցումները արտերկրից և արտահանման հիմնական հոդված հանդիսացող պղնձի գները: Դա լրջորեն ազդել է տնտեսական աճի վրա՝ բացասաբար անդրադառնալով հարկաբյուջետային դիրքի, ինչպես նաև երկրի և հայաստանցիների գնողունակության վրա, որի արդյունքում թուլացել է ներքին պահանջարկը և սպառումը: Վերոնշված զարգացումների հետևանքով ՀՆԱ-ի աճը 2016թ -ին կազմել է 0,2 տոկոս, պահպանվել են գնանկման ճնշումները, իսկ բյուջեի պակասորդն աճել է մինչև ՀՆԱ-ի 5,6 տոկոսը: Այնուամենայնիվ, ԱՄՀ- ն կանխատեսում է, որ 2017թ-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի մոտ 3 տոկոս, իսկ գնաճը՝ մոտ 2 տոկոս: «Դա պայմանավորված է լինելու արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող կապիտալ ծրագրերի կանխատեսվածից ավելի բարձր կատարողականով: Բացի այդ, առաջին եռամսյակի տվյալներով, տնտեսական աճը կազմել է արդեն 6%. Սպասվում է, որ փոխանցումները կավելանան, իսկ Ռուսաստանի տնտեսական աճը կանխատեսվածից բարձր կլինի»,- նշեց Հոսեյն Սամիին։ Նրա խոսքով, Հայաստանի առաջ շարունակում են ծառանալ էական մարտահրավերներ, պահպանվում է ոչ դիվերսիֆիկացված արտահանումը, գործազրկության և աղքատության բարձր մակարդակը, պետական և արտաքին պարտքն ավելացումը: «Այդ ռիսկերը նվազեցնելու համար պահանջվում են վճռորոշ գործողություններ՝ կայուն աճի խթանման համար, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների և կրթության բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի և գործարար միջավայրի բարելավման բարեփոխումներ: «Իշխանությունները նաև պետք է հավատարիմ մնան հարկաբյուջետային այն ուղուն, որն ապահովում է պարտքի կայունությունը՝ նոր հարկային օրենսգրքի պատշաճ իրականացման և արտաքին ֆինանսավորմամբ կապիտալ ծախսերի առաջնահերթության սահմանման օԺանդակությամբ»,- ամփոփեց ԱՄՀ ներկայացուցիչը: