Պաշտոնանկ է արվել ԱԻՆ Տեխնիկական անվտանգության կենտրոնի տնօրենը
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր աշխատանքից ազատել է ԱԻՆ Տեխնիկական անվտանգության կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանին։ Լուրը հաստատեցին ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Թե ինչն է եղել նման որոշման պատճառը, չեն մանրամասնում։ Սակայն մի շարք աղմկահարույց դեպքեր կարող են այս կտրուկ որոշման պատճառ լինել։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող թթվածնի լիցքավորման կայանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի հրամանով` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006թ. 488-Ն որոշմամբ սահմանված կարգով ստեղծվել էր հանձնաժողով՝ պայթյունի պատճառները պարզելու նպատակով: Մինչ օրենքով սահմանված ժամկետում պայթյունի պատճառների ի հայտ բերելու տեխնիկական անաչառ ու բազմակողմանի քննության ավարտը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ նույն թթվածնային կայանում ս/թ մարտի 6-ին փորձաքննություն իրականացրած և դրական եզրակացություն տված ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական կազմի մի շարք աշխատակիցների՝ պարտականությունների կատարումը դադարեցվել էր: Մարտի 24-ին, ժամը 08:11-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող թթվածնային կայանում տեղի էր ունեցել պայթյուն՝ փլուզումով, ինչի հետևանքով ներսում գտնվող աշխատակիցը հայտնվել էր փլատակներում: Ժամը 08:40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել էին կայանի աշխատակցի դին, իսկ Նոր Գեղի գյուղի բնակիչներից մեկը բեկորային վնասվածքներով դիմել էր հիվանդանոց և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս գրվել: Դեպքերն այսքանով չեն ավարտվում. 2015 թ. հոկտեմբերի 3-ին «Լունապարկ»-ում «Ամերիկանսկիե գորկի» կոչվող կարուսելի պոկվելու հետևանքով վնասվածքներ էին ստացել «Ա1+» հեռուսատաընկերության տնօրենն ու նրա թոռնիկը: Այս դեպքը նույնպես կարելի է անփույթ աշխատանքի արդյունք համարել։