Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ Է

Տնտեսություն

Հայաստանն իր այսօրվա բյուջետային հնարավորւթյուններով չի կարող պահել եւ զարգացնել գիտության տասնյակ ճյուղեր: Ռուսաստանի նման հզոր երկիրը ընդամենը 10 ճյուղ է զարգացնում, իսկ Ուկրաինան՝ 5: Հայաստանն իրեն կարող է թույլ տալ զարգացնել 3-4 ճյուղ՝ բիոտեխնոլոգիաներ, հայագիտություն, բարձր տեխնոլոգիաներ եւ այլն: Այսօր իր կարծիքը Մամուլի ազգային ակումբում հայտնեց տնտեսագետ Էդվարդ Աղաջանովը: Նա հիշեցրեց բյուջեով գիտությանն ու կրթությանը տրվող գումարի չափը՝ 5,7 մլրդ դրամ, որով բնականաբար հնարավոր չի լինի պատշաճ մակարդակի վրա պահել, առավելեւս զարգացնել գիտական ճյուղեր:

Էդվարդ Աղաջանովը, վերլուծելով այսօրվա տնտեսական իրավիճակը, նկատեց, որ մեր տնտեսության զարգացման խթան պետք է հանդիսանա ոչ թե ներքին սպառումը, այլ արտահանումը, իսկ բյուջետային ուղերձում նշված է, որ 2007 թ արտահանման ծավալը կկազմի ՀՆԱ-ի 20.1 տոկոսը: Այնինչ, 2005 թվականին այդ թիվը եղել է 27,5 տոկոս: Ստացվում է, որ գնալով փոխանակ արտահանման ծավալը աճի, նվազում է: Պարոն Աղաջանովի գնահատմամբ, սա ծիծաղելի վիճակ է զարգացող երկրի համար, որովհետեւ արտահանման ծավալը մեր նման երկրում պետք է կազմեր 60,70 տոկոս:

Ըստ նրա, արդեն զարգացած երկրները կարող են իրենց թույլ տալ արտահանման ծավալները նվազեցնել եւ հիմնվել ներքին սպառման վրա: Պարոն Աղաջանովը զարմացած է նրանից, թե ինչպես կարելի է արհամարհել Հրանտ Բագրատյանի կամ Արմեն Դարբինյանի նման տնտեսագետներին, նրանցից խորհրդատվություն չխնդրել, եւ չօգտվել նրանց փորձից ու գիտելիքներից: Ինքն, օրինակ, պատրաստակամություն հայտնեց աջակցել բոլոր նրանց, ում ծրագիրը կնպաստի երկրի զարգացմանը. դա լինի ընդդիմություն, թե իշխանություն:

Ի դեպ, այսօր պարոն Աղաջանովը բավականին հետաքրքրիր բացահայտում արեց. պարզվում է` ինքը հարգում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին: Ուղղակի չի հասկանում, թե ինչու նրանք չեն օգտվում փորձառու տնտեսագետների աջակցությունից:

Էդվարդ Աղաջանովը այսօր խոսեց նաեւ նպատակային ծրագրերի անհրաժեշտության մասին եւ նկատեց, որ օրինակ ԱՄՆ-ի բյուջեի ծախսային մասի 90 տոկոսը նպատակային ծրագրերն են, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ մյուս զարգացած եվրոպական երկրներում՝ այդ կազմում է 60-70 տոկոսը: Ռուսաստանը, ըստ Աղաջանովի, իր բյուջեի ծախսումների 40 տոկոսը նպատակային ծրագրերին է հատկացրել: «Իսկ մենք քարանձավային մեթոդներից չենք ուզում անցնել քաղաքակիրթ մեթողների»,-ասաց նա` բացատրելով, երբ բյուջեն միտված է ոչ թե ծախսերին, այլ արդյունքներին:

Խոսելով ազգային անվտանգության հայեցակարգի մասին, պարոն Աղաջանովն ասաց, որ իր համար ավելի ընդունելի կլիներ ազգային անվտանգության վերականգնման հայեցակարգը ու բացի այդ, երբ տնտեսական հզորությունները օտարի ձեռքում են, ուղղակի ծիծաղելի է խոսել տնտեսական անվտանգության մասին: