«Գնում ենք նրան, որ Օպերա ջինսերով չհաճախեն» (տեսանյութ)
Մեր հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքը ռեստորանի վերաբերյալ եւ առհասարակ այն ենթակառուցվածքների վերաբերյալ, որոնք մենք նախաձեռնում ենք ստեղծել եւ կառուցել Օպերային թատրոնում: Այսօր հայտարարեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ինչպես է նա վերաբերվում հասարակության արձագանքին Օպերայի տարածքում ռեստորան կառուցելուն. «Պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացությունը, չի կարել այն անպայման կապել այն ուտեստների հետ, ինչը բարձրաձայնում են սոցիալական ցանցերում: Ես հասկանում, որ մարդիկ երեւակայում են այն, ինչ տեսել են, բայց մենք ուզում ենք նոր մշակույթ բերել նաեւ, այն մշակույթը, որը մեր իրականության մեջ չկա, բայց մեր ժողովրդի համար կարեւոր է եւ պետք է»: Այս ամբողջ նախաձեռնությունը կապված չէ թատրոնների թերֆինանսավորման հետ, վստահեցնում է նախարարը, այս նախաձեռնությունները այդ բացը լրացնելու համար չեն արված. «Նման ծրագրերը ուղղված են ոչ թե նրան, որ մենք կարողանանք գումար վաստակել, այլ ստեղծենք այն մթնոլորտը, որ հանդիսատեսը գնա ներկայացում դիտելու, մենք պետք է ներկայացումներով դրամ վաստակենք»: Նախարարը կոչ է անում ռեստորանների փոխարեն ավելի շատ քննարկել թատրոնների խաղացանկը եւ թե ինչ նորություններ են սպասվում այնտեղ. «Օպերայում նոր փոփոխություններ են սպասվում, շատ շուտով ներկայացումները կլինեն թարգմանությամբ, հատուկ զբոսաշրջիկների համար: Այս տարի օպերային թատրոնում 5-ից ավելի ներկայացում կլինի, որոնք գնել ենք Եվրոպական տարբեր Օպերային թատրոններից, դրանք տեղայնացնելու ենք»: Արմեն Ամիրյանը վստահեցնում է, որ ամբողջ աշխարհը հաճախում է օպերա այլ մթնոլորտում. «Մեր հասարակությունը արժանի է, որպեսզի գեղեցիկ մթնոլորտում կարողանա իր երեկոն կազմակերպել: Շատ օպերային թատրոններում նույնիսկ արհեստական անտրակտներ են հայտարարում, որպեսզի մարդիկ հաղորդակցվեն: Մենք քիչ- քիչ գնում ենք նրան, որ մշակույթ փոխվի, որ Օպերա հաճախեն, ոչ թե ջինսերով, այլ պատշաճ հագուստով»: «Ա1+»-ի հարցին, թե ինչպես կհանգուցալուծվի Արենիի քարանձավների խնդիրը, քանի որ բնապահպանները անհանգստություն են հայտնում, թե այնտեղ հնարավոր է ժամանցային գոտի ստեղծվի, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Այսօր քարանձավները բարձիթողի վիճակում են, մենք արձանագրել ենք դեպքեր, որ մարդիկ գումար են վերցնում, որպեսզի զբոսաշրջիկները ներս մտնեն, ո՞վ է վերահսկում, ոչ մեկը: Ունենալով ճիշտ պայմանագրեր՝ մենք կկարողանաք վերահսկել եւ ապահովել հետագա պեղումների աշխատանքները»։ Նախարարը վստահեցրեց, որ այդ քարանձավների մոտակայքում ոչ ոք չի կարող ռեստորան կամ սրճարան կառուցել: Դա օրենքը թույլ չի տա: