Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող Հյուսիսային պողոտայում սովորեն, թե ինչպես չի կարելի կառուցել» (տեսանյութ)

Հասարակություն
karine

Կարեւոր է, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում չունենք միաբեւեռ ավագանի։ Շատ ուժերի ավագանիում ներկայացված լինելը կհանգեցնի Երեւանի խնդիրների շուրջ բազմաբեւեռ քննարկումների։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Նրա դիտարկմամբ՝ Տարոն Մարգարյանը շատ կուզենար, որ քաղաքի հարցերը լուծվեին, սակայն համակարգը թույլ չի տալիս։ «Քաղաքի կայուն զարգացմանը խանգարում է երկրի ընդհանուր համակարգը, երբ առաջնայինը ոչ թե հանրային շահն է, այլ բիզնեսի եւ անհատի շահը։ Սա հատկապես արտահայտվում է քաղաքաշինության մեջ։ Անկախության տարիներին մեր քաղաքաշինությունը լուծել է մի շարք մարդկանց հարստացնելու խնդիրը՝ բարձրացնելով էկոլոգիական, սեյսմիկ անվտանգության խնդիրը։ Հյուսիսային պողոտան կարելի է դարձնել բիզնես կենտրոն։ Թող գան՝ սովորեն, թե ինչպես չի կարելի կառուցել՝ էս տիպի բնակլիմայական եւ սեյսմիկ վտանգ պարոնակող պայմաններում»։ Անդրադառնալով մայրաքաղաքի օդային ավազանի մաքրությանը վերաբերող ուսումնասիրություններին, նա նշեց, որ պաշտոնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օդը մաքուր է։ Սակայն ուսումնասիրության ենթարկվող ցուցանիշները քիչ են։ Մասնավորապես, չի չափվում գետնամերձ օզոնի մաքրության ցուցանիշը։ «Ես նյութեր եմ բերել, որոնք ցույց են տալիս, թե որքան աղտոտված է մեր օդային ավազանը, բայց գիտության եւ պրակտիկայի միջեւ կապը չի աշխատում»։ Նա ընդգծեց, որ աշխարհում չկա եւս մեկ քաղաք, որը շրջապատված լինի 20-21 հանքերով, որոնցից մեկը հենց քաղաքում՝ Մոնումենտում է։ «Ընդ որում՝ Մանումենտից մինչեւ Սարի թաղ անտառապատ տարածքը բավականին նպաստում էր օդային ավազանի մաքրմանը, սակայն հիմա այդ տարածքը բաժանված է օլիգարխներին։ Տեսնում ենք, թե ինչ «չինական պատեր են» կառուցում այդտեղ, սակայն առանց անտառի, այդ տարածքը կդառնա սողանքային։ Դա պետք է հետ տալ քաղաքին»։ Բնապահպանը հույս հայտեց, որ նոր ավագանին ավելի շատ ուշադրություն կդարձնի հենց բնապահպանական քաղաքի խնդիրներին։