Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանության գործով հետախուզվում է անչափահաս

Կարևոր լուրեր Պաշտոնական
qnnchakan-komite-1

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է   Ջրվեժում 35-ամյա տղամարդու սպանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ 2017թ. ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերվել է Երևան քաղաքի  35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով: Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:                 Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել͵ որ նշված բնակարանում͵ որտեղ սպանվել է տղամարդը͵ վարձակալական  հիմունքներով բնակվել է 42-ամյա մի կին, պարզվել  վերջինիս ինքնությունը և նրա առնչությունն սպանված տղամարդու հետ։ Քրեական գործով որպես կասկածյալ ձերբակալվել էր 42-ամյա կինը։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չի հիմնավորվել կնոջ մասնակցությունը կատարված սպանությանը,բավարար  ապացույցներ ձեռք բերվել սպանությունը կնոջ անչափահաս որդու կողմից կատարված լինելու վերաբերյալ, և ձեռք բերված ապացույցների հիման վրա ՝ 17-ամյա տղան ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և վերջինիս  նկատմամբ հայտարարվել է հետախուզում:  Նախաքննությունը շարունակվում է: Նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունները՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով նույնականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:     ՀՀ քննչական կոմիտե