ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՒ ՍՊԱՌՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԳործարար Միքայել Բաղդասարովի սեփական գործարանում արտադրված 1 տոննա ցեմենտը հենց իրեն պատկանող բենզալցակայաններում վաճառվում է ինքնարժեքից 12 000 դրամ ավել գնով, բայց սա, պարզվում է, գերշահույթ չէ:
Համենայնդեպս, Տնտեսական Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին համոզում էին «Միկա-Ցեմենտի» ներկայացուցիչները: «Ես ի՞նչ կապ ունեմ բենզալցակայաններում վաճառվող ցեմենտի գնի հետ: Ես «Միկա ցեմենտի» տնօրենն եմ»,- հայտարարում էր ընկերության տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը:
Վերջինս չէր ուզում համաձայնվել, որ եթե միջինը 28 000 դրամ (ներառյալ նաեւ տրանսպորտային ծախսերը- խմբ.) ինքնարժեքով ցեմենտը վաճառվում է 40 000 դրամով, դա գերշահույթ է: Ասելով հանդերձ, որ 1տ ցեմենտի ինքնարժեքը 11 ամսում եղել է 23 970 դրամ, Նաիրա Մարտիրոսյանը շարունակում էր պնդել, թե ընդհակառակը՝ իրենց ծախսերն ավելացել են, օրինակ՝ գազի գնի բարձրացման հետեւանքով:
«Գազի գնի հետ այլ նյութեր էլ թանկացան` մետաղը, ավտոմասերը»,- շարունակում է նա՝ հավաստիացնելով, թե տարածաշրջանում ամենաէժանն ու որակովը հայկական ցեմենտն է: Ըստ նրա, Արարատի եւ Հրազդանի ցեմենտի գործարաններում արտադրված ցեմենտը ամբողջովին բավարարում է ներքին շուկայի պահանջները, միաժամանակ էլ արտահանվում է Վրաստան եւ Իրան:
Բացի «Միկա-ցեմենտից», Տնտեսական Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր նախազգուշացրեց նաեւ մի խումբ տնտեսվարողների, որոնք, հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի գնահատմամբ, փաստաթղթերով չեն բարձրացրել ապրանքի գները, բայց դե ֆակտո գները բարձրացել են:
Ձուն, որի ինքնարժեքը փաստաթղթով 32 դրամ է, շուկայում վաճառվում է 71 դրամով: «Բա դա նամո՞ւս է»,- հայտարարեց պարոն Շահնազարյանը՝ շարունակելով. «Հայ ազգը դատապարտված չէ 72 դրամով ձու գնել:
Մանավանդ, որ մենք ձու արտահանող երկիր ենք»: Հանձնաժողովի նախագահը իրենց դիրքը չարաշահող տնտեսվարողներին զգուշացրեց, թե թույլ կտան էժան ձու ներկրել: «Էս ինչ բան է, ամբողջ աշխարհում նախատոնական զեղջերն են, մեզ մոտ՝ հակառակը»,- սպառողի իրավունքներն էր պաշտպանում Աշոտ Շահնազարյանը: «Կներկրվի պարսկական ոչ դիետիկ ձու»,- առաջարկը դուր չեկավ թռչնաբուծական ֆաբրիկաներից մեկի ներկայացուցչին, որը նիստում բացատրում էր, թե կերը թանկացել է, դրա համար էլ ձուն է թանկացել:
ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔԻ ԴԵՖԻՑԻՏԸ ՄԻՖ է
Տնտեսական Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր փորձում էր պաշտպանել նաեւ ավիաուղեւորների շահերը: 2006թ «Զվարթնոց» օդակայանում եղել է ավիավառելիքի պակասորդ:
Դրա պատճառով օդանավերը մասամբ են լիցքավորվել «Զվարթնոց» օդակայանում: Ուղեւորները ժամեր են կորցրել այլ օդանավակայաններում, մինչեւ լիցքավորվել է Երեւանից թռիչքի մեկնարկ վերցրած ինքնաթիռը: Եղել է վառելիքի գերծախս, ուղեւորները ստիպված են եղել լրացուցիչ երկու ժամից ավելի մնալ ճանապարհին, որոշները չեղյալ են համարել չվերթները:
30 տարի ժամկետով «Զավրթնոցի» շահագործման, կառավարման եւ առեւտրային օգտագործման բացառիկ իրավունքը (ներառյալ վառելիքի եւ հեղուկների մատակարարման ծառայությունը- խմբ.) տրվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններին:
«Եթե կա բացառիկ իրավունք, ապա պայմանագրով չի՞ նախատեսվում բացառիկ պատասխանատվություն»,- Աշոտ Շահնազարյանն այսօր այս հարցի պատասխանն էր ուզում ստանալ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արտաշես Բախչյանից: Վերջինս պնդում էր, թե իրենք ոչինչ չեն կարող անել ավիավառելիքի պակասորդի խնդիրը լուծելու համար: «Բայց եթե կա դեֆիցիտ, ապա բնական է, որ լուծում պիտի գտնվի»,- հանձնաժողովականների հարցերից հետո, ի վերջո ասաց պարոն Բախչյանը, որը սակայն այդպես էլ լուծում չառաջարկեց:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանը, որն առանց հրավերքի էր եկել նիստին, հայտարեց, թե անհնար է Վրաստանով ավիավառելիք ներկրել, խոսքում էլ նկատեց, որ իրենց վառելիք մատակարարողը «Միկա-Լիմիթեդն» է, որն այս տարվա ընթացքում չի կատարել իր պարտավորությունը:
«Միտումնավոր չի բերվում: Միֆ եք կառուցել, թե անհնար է ավիավառելիք ներկրել»,- զայրացավ Աշոտ Շահնազարյանը, իսկ իրավաբան Տեր- Տաճատյանը հայտարարեց, որ «իրենց ընկերությունն ունի ֆինանսական միջոցներ եւ պատրաստ է նավթ գնել ցանկացածից, ով նաղդ կառաջարկի»:
Ի դեպ, նիստից հետո լրագրողները Աշոտ Շահնազարյանից փորձեցին պարզել, թե որտե՞ղ է նա տեսնում միտումը: «Եթե միտում չկա, ինչի՞ վառելիք չկա: Հարցին հարցով պատասխանեմ: Միջազգային տենդեր չի հայտարվել (ներկրման համար-խմբ), ուրեմն ի՞նչ նպատակով: Չգիտեմ, կուսումնասիրենք արդյունքում կերեւա»,- ասաց Աշոտ Շահնազարյանը:
Այսօրվա նիստում ՔԱԳՎին հանձնարարվեց առաջարկով դիմել կառավարությանը խնդրի կարգավորման տարբերակը գտնելու համար: