Մեզ տեռորի են ենթարկում. ամբաստանյալի հարազատները՝ դատախազի ելույթից հետո
Արման Երիցյանի գործով հանրային պաշտպան Արթուր Ալիխանյանը այսօրվա նիստին Վերաքննիչ քրեական դատարանում պահանջեց բեկանել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը, ըստ որի ամբաստանյալ Արման Երիցյանը պետք է ազատազրկվի ևս 3,5 տարի ժամկետով մի արարքի համար, որով նախկինում նա արդարացվել էր, բայց և հասցրել էր կալանքի տակ մնալ 1,5 տարի: Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում Արման Երիցյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Մալաթիա» սննդամթերքի շուկայում լոլիկ վաճառող Սամվել Մեջլումյանի վրա հարձակվելու ու սառը զենքի գործադրման սպառնալիքով նրանից գումար հափշտակելու մեղադրանքով: 2014թ. մայիսին դատարանը Արման Երիցյանին արդարացրել է: Սակայն գործով մեղադրող՝ Երևանի կայազորի զինվորական դատախազ Հովսեփ Սարգսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը բավարարվել է մասնակիորեն. գործը նորից ուղարկվել է առաջին ատյան, որտեղ կայացվել է մեղադրական դատավճիռ: Դրանից հետո պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել, իսկ այժմ գործը կրկին վերաքննիչ փուլում է: Փաստաբանը իր ելույթում նշեց, որ առաջին ատյանի մեղադրական դատավճիռը կառուցված է ենթադրությունների և ոչ հիմնավոր փաստարկների վրա և հաշվի է առնում միայն տուժողի հակասական ցուցմունքները, իսկ գործով բազմաթիվ վկաների ցուցմունքները, որոնցով ապացուցվում է Արման Երիցյանի անմեղությունը, անտեսված են: Ինչպես նախկին նիստում, այնպես էլ հիմա տուժողը կրկին ասաց, որ Արմանը անմեղ է, և իրեն Մալաթիայի ոստիկանության բաժանմունքի ավագ քննիչ Սուրեն Նավոյանն է ստիպել բողոքել Արման Երիցյանի դեմ: Գործով ներկայիս մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը առարկեց պաշտպանի հնչեցրած հիմնավորումները, նշելով որ չգիտես ինչու տուժողը միայն անմիջապես բուն դեպքի հետ կապված իրարամերժ ցուցմունքներ է տալիս, իսկ դեպքին նախորդող իրադարձությունները նկարագրում է շատ հստակ և հետևողական: Նա կասկած հայտնեց, որ միգուցե տուժողին ուղղորդում են ամբաստանյալի հարազատները: Դատաքննությունը Վերաքննիչ քրեական դատարանում կրկին հետաձգվեց և նշանակվեց մայիսի 16-ին ժամը 12:00: Դատարանի բակում միջադեպ տեղի ունեցավ դատախազ Ենոքյանի և Արման Երիցյանի և նրա ծնողների՝ Լևոն և Դոնարա Երիցյանների միջև: Նրանք կրկին մեղադրեցին դատախազին կողմնակալության և կեղծարարության մեջ: «Մեզ տեռորի են ենթարկում, ես բաց նամակով կդիմեմ նախագահին և արդարադատության նախարարին»: