ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ 2007Թ. ԾԱՆՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԳերիշխող դիրք գրավող տնտեսվարող սուբյեկտների նախատոնական տրամադրությունները ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել էր չգցել եւ միայն հնգօրյա ժամկետ նշանակել, որպեսզի «իրենց տրամաբանության սահմանում վերանայեն որոշ ապրանքատեսակների չհիմնավորված բարձր գները»:
Հնգօրյա ժամկետը լրանում է դեկտեմբերի 25-ին, իսկ մինչ այդ այսօր «Ուրբաթ» ակումբում հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հանրագումարի էր բերում հանձնաժողովի ընդունած որոշումները:
Ճիշտ է, հանձնաժողովը դեռ հանդուրժողաբար է տրամադրված գերիշխող դիրք գրավածներին, սակայն տրամադրությունները կփոխվեն 2007թ. հունվարին, երբ այս ընթացքում գների իջեցման էական փոփոխություններ չլինեն:
Այս պարագայում պարոն Շահնազարյանը խոստանում է վարչական տույժեր սահմանել, մասնավորապես ողջ տարվա իրենց ապրանքաշրջանառության մեկ տոկոսի չափով:
Նպատակներ կան նույնիսկ վարչական տույժը բարձրացնել մինչեւ 2 տոկոս, սակայն դա միայն օրենսդրական համապատասխան փոփոխություններից հետո, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ կարգավորել վերահսկողության դաշտը: Աշոտ Շահնազարյանը նշեց, որ մտադիր են առաջիկա ամիսներին օրենքի բաեփոխումների մասին առաջարկ անել ՀՀ կառավարությանը:
Իսկ մինչ կլինեն օրենքի բարեփոխումներն ու հանձնաժողովն էլ հանդուրժող կեցվածքով կսպասի, հայ ազգն այս Նոր տարի ստիպված կլինի, օրինակ՝ 71 դրամով ձու գնել, մինչդեռ ինքնարժեքն ընդամենը 32 դրամ է:
Ըստ պարոն Շահնազարյանի, հիմնական մեղքը միջնորդ կազմակերպություններինն է, որոնց գործողությունների պատճառով շատ ապրանքների գներ բարձրանում են իրենց ինքնարժեքի չափով: «Մենք պետք է պարզենք՝ արդյոք այս կազմակերպությունները գոյություն ունե՞ն հարկային դաշտում:
Իսկ հարկայինի հետ միասին մենք պետական քաղաքականությամբ ենք զբաղվում: Միջնորդ կազմակերպություններին հայտնաբերելու համար նոր մեխանիզմներ են հարկավոր: Պարզեցված հարկը եւս խանգարում է, քանի որ այս դեպքում ոչ մի փաստաթուղթ չի պահպանվում, եւ դա շատ վատ է»,- ասում է Աշոտ Շահնազարյանը:
Նա նաեւ մեղադրեց տնտեսվարող սուբյեկտներին, որոնք երբեւիցե չեն դիմել հանձնաժողով՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար, երբ վերավաճառողներն իրենց ապրանքը չհիմնավորված բարձր գներով են վաճառում՝ այդպիսով վնասելով արտադրող կազմակերպության վարկանիշը: «Մենք մեր մեջ խոսում ենք, բայց խուսափում են օրենսդիր մարմնին բացահայտ դիմել»,- զարմացած հավելում է հանձնաժողովի նախագահը: