Ծայրամասերը շարունակելու են մնալ մեր ուշադրության կենտրոնում. Տ. Մարգարյան (տեսանյութ)
Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում նախընտրական հանդիպումներ է ունեցել Էրեբունի վարչական շրջանի Մուշական և Ջրաշեն թաղամասերի բնակիչների հետ:
Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանը նշել է, որ ինչպես Ավելի լավ Երևան ծրագրով, այնպես էլ Երևանի զարգացման առաջիկա հինգ տարիների համար նախատեսված Հանուն Երևանի ծրագրով քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերի հենքում շարունակելու է մնալ մայրաքաղաքի համաչափ զարգացումն ապահովելու սկզբունքը:
«Անցած չորս տարիների ընթացքում դուք համոզվեցիք, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովումը մեզ համար եղել է իրականացվող բոլոր ծրագրերի հիմնական սկզբունքը: Կարող եմ վստահ ասել, որ դա նաև ձե՛ր շնորհիվ էր, քանի որ աշխատանքային իմ շրջայցերի ժամանակ, երբ այցելում էի Մուշական և Ջրաշեն, դուք արդարացիորեն նշում էիք, որ լինելով ծայրամասային թաղամասեր, միշտ մատնված եք եղել անուշադրության: Դա ինձ, բնականաբար, դուր գալ չէր կարող, քանի որ Երևանը ինձ համար մի ամբողջություն է, ոչ թե առանձին վերցրած վարչական շրջաններ կամ թաղամասեր:
Ու վստա՛հ եմ, որ այս տարիների ընթացքում դուք համոզվեցի՛ք դրանում: Որոշ խնդիրներ միասին լուծեցինք, բայց դեռ շատ անելիքներ կան, որոնք, համոզվա՛ծ եմ, էլի միասին կլուծենք: Եվ դրա համար պիտի խնդրեմ, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տաք մեր փորձառու թիմին, որ առաջիկա 5 տարիներին ձեզ հետ միասին ավարտին հասցնենք մեր սկսած աշխատանքները: Համոզված եղեք, որ մեր բոլոր ծրագրերը մենք շարունակելու ենք իրականացնել Երևանի համաչափ զարգացման սկզբունքով և Երևանի ծայրամասային թաղամասերը շարունակելու են մնալ մեր մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում», - նշել է Տարոն Մարգարյանը:
«Հանուն Երևանի» նախընտրական շտաբ
