ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԿԷԺԱՆԱՆԱ՞
Աջակցիր «Ա1+»-ինԷներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր հանդես եկավ տարեկան ամփոփիչ ասուլիսով եւ ներկայացրեց նախորդ ամիսներին ունեցած բոլոր հաջողությունները: Որեւէ գործի ձախողման կամ էներգետիկ անհաջողության մասին նախարարը չխոսեց, ասաց, որ առաջիկա տարիներին առավել մեծ էներգետիկ ձեռքբերումներ են մեր երկրին սպասվում:
Հունվարից իրանական գազը կմտնի Հայաստան, էլեկտրաէներգիայի 11-րդ ենթակայանն արդիականացվել է, վերազինվել ու նորոգվել է Մեծամորի ատոմակայանը, միջազգային կոնֆերանս են արել եւ քննարկել նոր ատոմակայանի կառուցման հարցը: Հաջորդ տարի կավարտվեն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման եւ զուգահեռ նոր գազատուրբինի տեղադրման աշխատանքը, 2008թ.` Երեւանի ՋԷԿ-ի մոդեռնացումը: Սրանք թանկարժեք ծրագրեր են, սակայն նվազեցնելու են հումքի ծախսը եւ ավելացնելու են արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը: Կոնկրետ Երեւանի ՋԷԿ-ում գազի ծախսը կպակասի 2.5 անգամ:
Փաստորեն, առաջիկա տարիներին Հայաստանը սկսելու է նվազեցնել հոսանք արտադրելու ուղղությամբ կատարվող ծախսերն ու ավելացնել արտադրանքի քանակը: Դրան զուգահեռ, էժանանում է այն վճարամիջոցը, որով մեր երկիրն ատոմակայանի համար ուրան է գնում Ռուսաստանից` դոլարը: Նախարար Մովսիսյանից փորձեցինք ճշտել` արդյո՞ք սա բավարար չէ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու համար: «Ես ոչինչ չեմ բացառում,- պատասխանեց նա, սակայն միանգամից հակափաստարկ բերեց,- բա այդ կատարված ծախսերն ո՞վ է փոխհատուցելու: Եթե Դուք եք փոխհատուցելու` հոսանքը կէժանանա»: Կատարված ծախսեր ասելով` Արմեն Մովսիսյանը նկատի ուներ այն ներդրումները, որոնք կատարում են Հրազդանի եւ Երեւանի ՋԷԿ-երի վրա:
ՈՒՐԱԽ ԼՈՒՐ ԳԱԶԱԽՈՂՈՎԱԿԻ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻՑ
Նախարարը հաճելի լուր ուներ նաեւ Վրաստանի տարածքում վթարված գազախողովակի վերականգնման ու «Նաիրիտ» գործարանի մասին: «Խողովակը երեկ 16:00-ի դրությամբ ամբողջովին վերականգնված էր, գիշերը երկուսին արդեն գազի մուտք կար, եւ չի բացառվում, որ այս պահին Հայաստան գազ է մտնում»,- ասաց նա:
Իսկ «Նաիրիտ»-ի ճակատագիրն ավելի քան որոշակի է: Գործարանում այսօր ամսական արտադրվում է 1000 տոննա կաուչուկ, ընդ որում` դրա ընդամենը 20 տոկոսն է իրացվում Ռոսաստանում, մնացածը վաճառվում է Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում: «Նաիրիտ»-ի նոր գնորդը, որի անունը նախարարը չէր հիշում, պարտավորվել է կատարել 120 մլն դոլար ներդրում, եւ արդեն հաջորդ տարի գործարանում տարեկան կարտադրվի 35 հազ. տոննա կաուչուկ, 50 հազար տոննայից ավելի թթուներ, հիմնականում` քացախաթթու եւ թթուների մի գամմա, որը մինչեւ այսօր Հայաստանում չի արտադրվել: