Գումարները ծախսվում են, բայց հաշմանդամություն ունեցողները չեն օգտվում (տեսանյութ)
Երեւանի ավագանու թեկնածու Զառա Բաթոյանի խոսքերով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հիմնական խնդիրը տրանսպորտի մատչելիությունն է: Իսկ մատչելի միջավայրը չի նշանակում միայն թեքահարթակներ: Ըստ նրա՝ ոչ միայն հին, այլև նոր կառուցվող շենքերը չեն հարմարեցվում հաշմանդամություն ունեցող անձանց : «Հայաստան կինոթատրոնը, որի վրա մեծ գումարներ են ծախսվել, որեւէ կերպ հարմարեցված չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի ավագանու թեկնածուն: Նրա խոսքերով՝ փողոցներում նախազգուշացնող սարքերը տեղադրված են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար, սակայն ուղղորդողներ չկան: «Մարդը ո՞նց պետք է գա, հասնի, որ հետո իրեն նախազգուշացնեն, որ գիտեք՝ հիմա անցում է, մենք վերանորոգում ենք, սալիկները փոխում ենք, բայց ուղղորդող սալիկները չենք անում»,- ավելացրեց Զառա Բաթոյանը: Նա նաեւ առանձնացրեց հաշմանդամություն ունեցող անձանց համար հատկացված ավտոկայանատեղիի խնդիրը, դրանք եւս հարմար չեն եւ միշտ այլ մեքենաներ են կայանված: «Արդեն քանի տարի է՝ փորձում են ոստիկանության հետ այդ խնդիրը լուծել, բայց այդ ավտոկայանատեղիներում միշտ կանգնած են այլ մեքենաներ, որեւէ մեկը այդ տեղում կանգնելու համար չի տուգանվել»,- ավելացրեց Երեւանի ավագանու թեկնածուն: Երեւանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն էլ ավելացրեց, որ քաղաքապետարանը բազմաթիվ խնդիրներ է լուծել՝ կառուցվել են բազմաթիվ թեքահարթակներ , ութ մանկապարտեզ անցել է ներառական կրթության, 25 ավտոբուսներ հարմարեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց: Նրա խոսքերով՝ այնուամենայնիվ բազմաթիվ անելիքներ կան եւ համոզված հայտարարեց, որ 5 տարի հետո ներկայացնելու են կատարված այլ աշխատանքները: Երեւանում 62000 հաշմանդամություն ունեցող անձ կա: