Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կառուցվելու է աշխարհի ամենաերկար զիփլայնը (տեսանյութ)

Հասարակություն
zipline

«Յելլ Էքսթրիմ Պարկ» Էքստրեմալ նախագիծը նախաձեռնել է Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումը: Այդ նպատակով մայիսի 4-ին Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում  մեկնարկելու է կոլեկտիվ դրամահավաք: Նոր նախագիծը ռեկորդային է լինելու և միավորելու է արկածային և էքստրեմալ հանգստի սիրահարներին աշխարհի տարբեր երկրներից: Այդպիսով՝  Հայաստանը կդիրքավորվի որպես տարածաշրջանի էքստրեմալ տուրիզմի կենտրոն: Զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում և կունենա 2680 մետր երկարություն և  200-300 մետր բարձրություն։ Զիփլայնով թռիչքը տևելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120կմ/ժ արագություն: Դրամահավաքը տևելու է 30 օր, որի ընթացքում հեղինակները պետք է հասցնեն հավաքել 20 հազար դոլար: Նախագծի ընդհանուր արժեքը կազմելու է 200 հազար դոլար, որից 180 հազարն արդեն կա: «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագիծը հիմնադրվել է 2015թ. Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Դա, ըստ հիմնադիրների, բնակլիմայական պայմաններով, աշխարհագրական և ռելիեֆային դիրքով  ամենահամապատասխան գոտին է Հայաստանում: Նախագիծը նպատակ ունի զարգացնել Հայաստանում արկածային և էքստրեմալ զբոսաշրջությունը և դառնալ տարածաշրջանի էքստրեմալ զբոսաշրջության խոշոր կենտրոնը: Այժմ արդեն ակտիվ հանգստի սիրահարները հնարավորություն ունեն «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ում կազմակերպել իրենց ժամանցը՝ օգտվելով էքստրեմալ սպորտի հետևյալ ծառայություններից՝ զիփլայն, պարագլայդինգ (բարձունքից թռիչք),  rope park (փորձություններ ծառերի վրա), օff-road (քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթեր), mountain biking (լեռնային հեծանվասպորտ) և այլն: Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկար զիփլայնը գտնվում է Մեքսիկայում (2545 մետր):