Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժած լրագրողների քրգործերը դոփում են տեղում. դիմում՝ ԵԴ (տեսանյութ)

Հասարակություն
mamul

Հայաստանում խոսքի ազատությունն ըստ միջազգային կառույցների հետընթաց է ապրում։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին նման եզրահանգման հիմք են տվել անցած շաբաթ 2 միջազգային կազմակերպությունների հրապարակած զեկույցները։ Ըստ «Ֆրիդմ հաուս» կազմակերպության զեկույցի՝ Հայաստանը հետընթաց է ապրել 1 նիշով, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 4 նիշով»։ Նա նշեց նաեւ, որ այդ կազմակերպությունները նկատել են, որ խոսքի ազատությունը ամբողջ աշխարհում է հետընթաց ապրում։ «Սա նշանակում է, որ քաղաքակրթությունը սկսել է մեծ ուշադրություն չդարձնել խոսի ազատությանը, կարծես թե բավարար են համարել լրատվամիջոցների խոսքի ազատության մակարդակը, սակայն դա մի բան է, որը ոչ ոք սկուտեղի վրա չի տա։ Անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք՝ օրենքի կիրառման համար»։ Նա տեղեկացրեց նաեւ, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում նշվում է, որ ռեգրեսիվ միտումները շարունակվել են նաեւ այս տարվա առաջին եռամսյակում: «Սա կապված է տարեսկզբին նախընտրական միտումներով։ Նախընտրական ժամանակահատվածում արձանագրվել է 3 ֆիզիկական բռնության դեպք։ Աճել են նաեւ տարատեսակ ճնշումների դեպքերը նախընտրական շրջանում, մասնավորապես արձանագրվել է նման 32 դեպք, որոնցից 18-ը կապված է քարոզարշավի ընթացքի հետ։ Տխուր ավանդույթը, որ նման իրադարձությունների ժամանակ, երբ շիկանում է մթնոլորտը, ավելանում են ճնշումները լրագրողների նկատմամբ, շարունակվել են նաեւ այս տարի»։ Ավելացել են նաեւ դատական հայցերը լրագրողների դեմ։ «Սա Կապված է «Սուտ.ամ-ի» դեմ 35 ուսուցիչների հայցով։ Աշոտ Մելիքյանը նկատեց նաեւ, որ նախընտրական ժամանակահատվածում լրագրողների սուր հարցերը արհամարհական եւ վիրավորական կեցվածք ընդունելու հիմք էին տալիս քարոզարշավի մասնակիցներին։ «Նրանք կարող էին իրենց հարմար պատասխան տալ, սակայն վրդովվում էին եւ վիրավորում։ Չգիտես ինչու «աղջիկ ջան» արտահայտությամբ հաճախ են դիմում լրագրողներին, կարծես՝ իրենց բակում կամ տանը լինեն»։ Ա. Մելիքյանը նկատեց, որ «Սարի թաղում» եւ «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով տուժած լրագրողների իրավունքների վերականգնման առումով գործերը առաջ չեն գնացել, քրեական գործերը դոփում են տեղում: «Էլեկտրիկ Երեւանով 22 լրագրող է տուժել, մինչդեռ 4 հոգու է մեղադրանք ներկայացվել, մինչդեռ, բոլորս տեսել ենք, թե քանի ոստիկան է իրականացնում այդ ծեծուջարդը։ Նույնը կարելի է ասել Խորենացի փողոցի իրադարձությունների մասին։ Որտեղ 20-ից ավելի տուժած լրագրող է եղել, մինդեռ 8 անձի է մեղադրանք ներկայացվել։ Ընդ որում, դրանք քաղաքացիական անձինք են, ոչ թե ոստիկաններ, ի՞նչ է քաղաքացիական անձի՞նք էին հատուկ միջոցներ կիրառում։ Նա տեղեկացրեց, որ քանի որ այս գործերի նախաքննությունը արդյունավետ չի իրականացվում, ապա դիմել են Եվրոպական դատարան։