Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնվեց «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը (տեսանյութ)

Հասարակություն
mamul1

Հրապարակախոս  Վահրամ Մարտիրոսյանը 2016-ի հուլիսին Սարի թաղի իրադարձությունների ականատեսն էր, ասում է՝ մտել է առաջին պատահած տունն ու կողքից լսել ու տեսել այն, ինչ կատարվում էր դրսում։ «Ես եղել եմ Սարի թաղում, երբ ոստիկանները հարձակվեցին լրագրողների վրա։ Դա դաժան ծեծ էր, անմարդկային, կոպիտ հայհոյանքներով, սարսափելի թշնամանքով լեցուն»։ Այդ օրերն ու նաեւ խորհրդարանական ընտրությունները հրապարակախոսին բրեժնեւյան ժամանակահատվածի հետ զուգահեռների հիմք է տվել։ «Ովքեր մտնում են խորհրդարան, վերին դաբրոյի եւ հովանավորչության շնորհիվ են մտնում, սա նշանակում է, որ նաեւ մեդիան է վերահսկվում։ Վերահսկողության մակարդակը ավելի ու ավելի  է մեծանում»։ Հայաստանում խոսքի ազատության հետընթացի մասին խոսելու առիթը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով լրագրողական երեք կազմակերպությունների կողմից սահմանված «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակաբաշխությունն է։ Մրցանակն  այս տարի շնորհվեց ռեժիսոր Արա Շիրինյանին՝ ստեղծագործական շիտակության համար։ «Հայաստանում մամուլը իր գործառույթը, այնուամենայնիվ, իրականացնում է՝ թեկուզ անազատ եւ կախյալ վիճակում»,-ասում է ռեժիսորը։ Նման մրցանակ նաեւ ամեն տարի այս օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է հանձնում։ Ի տարբերություն հայկական մրցանակաբաշխության, համաշխարհային մրցանակաբաշությանը կարեւորվում է արդարադատության դերը՝ խոսքի ազատության կայացման գործում։ Հայաստանում պատկերը այս տեսանկյունից հուսադրող չէ,  Սարի Թաղի դեպքերով լրագրողների նկատմամբ բռնություն գործադրողները  պատասխանատվության չեն ենթարկվել։ Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է. «Երբ ես խոսում եմ արդարադատության դերի մասին, ես նկատի ունեմ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ դատական գործը եւ այդ կախված գործերը։ Եթե այստեղ մենք չունենանք առաջընթաց, առաջընթաց չենք ունենալու նաեւ խոսքի ազատության ոլորտում։ Միշտ կարող են լինել հերոսներ, որոնք իրենց գործը կանեն, բայց մամուլի ազատությունը կայանում է այն ժամանակ, երբ լրագրողները կտեսնեն, որ պաշտպանված են պետության կողմից»։ Մամուլի ազատության օրը նաեւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոր գործիք է առաջարկում հանրությանը՝ լրագրողական հրապարակումները գնահատելու համար։ Կրիտիկոններով կամ սիմվոլներով կարելի է գնահատական տալ նյութերի վերնագրերին, նյութի բովանդակությանը, շեշտել նյութի պատվիրված լինելը կամ խորհուրդ տալ անպայման կարդալ։    Ավելին՝ տեսանյութով