«Հայերին եւ եզդիներին տարանջատելու կարիք չկա» (տեսանյութ)
Շուշիի ազատագրմանը 500 եզդի է մասնակցել, սակայն նրանք մասնակցել են ոչ թե առանձին, այլ հայկական ջոկատների կազմում: «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազիի խոսքերով՝ հայերին եւ եզդիներին տարանջատելու կարիք չկա. «Ի վերջո իմաստը ո՞րն է տարբերելու: Հայաստանի քաղաքացիները նաեւ մենք ենք, մեզ բոլորիս միավորում է ՀՀ կապույտ անձնագիրը: Մենք ունենք ՀՀ քաղաքացու կոչում եւ քաղաքացիներ ենք հանդիսանում: Կարեւոր չէ ինչ պատկանելիության ենք»: Նրա խոսքերով՝ եզդիները ակտիվ մասնակցություն են ունեցել պայքարում, դա խոսում է իրենց քաղաքացի լինելու մասին, նաեւ այս պետությունը իրենց համարելու մասին: Եզդիներն ակտիվ մասնակցություն ունեցան նաեւ ապրիլյան պատերազմին: «Եթե տարբեր խմբեր տարբեր երկրներում ճանապարհներ են փնտրում այդ երկրի գործընթացներին չմասնակցելու եւ զինվորական ծառայությունւից խուսափելու, ապա եզդիներն այդպիսի ճանապարհներ չեն փնտրում: Իրենց համար կարեւոր է Հայաստանի սահմանների պաշտպանությանը մասնակցելը»,- ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահը: Անդրադառնալով նաեւ առաջիկա ավագանու ընտրություններին` Բորիս Մուրազին նշեց, որ եզդիներին կոչ են անում ակտիվ մասնակցություն ունենալ. «Մենք իրենց կոչ չենք անում՝ որ քաղաքական ուժին ընտրել, բայց կոչ ենք անում ակտիվ լինել եւ ընտրելուց հետո իրականացնել քաղաքացիական վերահսկողություն: Հետեւողական լինել, որպեսզի այն քաղաքական ուժերին, որոնց ընտրել են իրենց խոստումների հետ կապված, այդ քաղաքական ուժերը պատասխանատու լինեն եւ իրականացնեն այդ խոստումները»,- եզրափակեց Բորիս Մուրազին: