«Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես իրացնի իր ընտրական իրավունքը»
Մայիսի 14- ին տեղի ունեցած ավագանու ընտրություններին քաղաքացիների պասիվությունը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կապում է քիչ քաղաքական ուժերի մասնակցության հետ. «Ընտրություններին մասնակցում էր ընդամենը երեք քաղաքական ուժ: Ես կարծում եմ՝ այդ գործոնը ունեցավ որոշիչ ազդեցություն մասնակցության թվի հետ կապված: Բազմաթիվ քաղաքացիներ գալիս են ընտրատեղամասեր՝ բացառապես այս կամ այն կուսակցությանը քվե տալու համար»: Հարցին, թե արդյո՞ք չի նկատվում մարդկանց անտարբերություն ընտրական գործընթացի նկատմամբ, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Չեմ կարծում, յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես իրացնի իր ընտրական իրավունքը, եթե մարդը որոշում է, որ ընտրություններին չի մասնակցելու, դա իր իրավունքն է»: Ի դեպ, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը՝ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու դիմումով ԿԸՀ կարող են ներկայանալ մինչեւ մայիսի 19-ը, ժամը 17:00-ն: