«Դու քրիստոնյա՞ ես». թեժ մթնոլորտ՝ Սարի թաղի գործով նիստում (տեսանյութ)
Նախորդ տարվա հուլիսի Սարի թաղի դեպքերով դատական նիստն այսօր անցավ թեժ մթնոլորտում: Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանին զայրացրեց վկա ոստիկան Ֆելիքս Կարապետյանի այն դիտարկումը, թե Որմնադիրների փողոցից 10 մետր հեռավորության վրա տեսել է, թե ինչպես են քաղաքացիները քարեր նետում ոստիկանների ուղղությամբ: Պաշտպանը միջնորդեց տեղազննություն անցկացնել: Միջնորդությունը դատավորը որոշեց քննարկել վկաներին լսելուց հետո: Սարի թաղի 4 բնակիչները՝ Էդուարդ Զեյթունյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ Հարություն Թորոսյանը մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Վկայի այսօրվա տված հակասական ցուցմունքն առաջացրեց նաեւ ամբաստանյալների դժգոհությունը: «Դու քրիստոնյա՞ ես»,-հարցրեց Հրայր Իսախանյանը: Իսկ Էդուարդ Զեյթունյանը հակադարձեց. «Ինչը բխում է, ոստիկանների շահերից դա հիշում եւ պնդում եք, ինչը բխում է քաղաքացիների շահերից, ոչ հիշում եք, ոչ պնդում: Սուտ է ասում, պարզ երեւում է, որ սուտ է ասում»: Վկան նշեց, թե դեպքի օրը՝ հուլիսի 19-ին, ոստիկանները փորձում էին կանխել քար նետելը, այնուհետեւ ավելացրեց՝քաշքշոց է տեղի ունեցել: Սակայն ում միջեւ՝ չմանրամասնեց: Պաշտպան Գրիշա Բալասանյանին այս ամենը զարմացրեց. «Ո՞նց եք պատկերացնում քաշքշուք առանց երկրորդ կողմի, ոստիկանը կանգնել ձեռքերը վերեւ էր պահել, իսկ քաղաքացին քաշքշում էր»: Նրա նախաքննության եւ դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում էական հակասություններ կային։ Վկան պատճառաբանեց, թե դեպքից բավականին երկար ժամանակ է անցել: Իր ցուցմունքների միջեւ առկա հակասությունը նույն կերպ ներկայացրեց նաեւ մյուս վկա ոստիկանը՝ Հովհաննես Մխոյանը: Հիշեցնենք, որ սարիթաղցիները մեղադրվում են ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Մինչդեռ նրանց հարազատները պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները, որոնք փակվել էին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո։