Համացանցում ժամանակավոր հրադադար է
«Կասպերսկի» լաբորատորիայի` ՀՀ-ում եւ Վրաստանում ներկայացուցիչ Արմեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով վերջին օրերին ամբողջ աշխարհում մեծ խնդիրներ առաջացրած «ուանաքրայ» վիրուսին` նշելով, որ արդյունքում աշխարհում 450 հազար համակարգիչ վարակվեց. «Այս պահին ժամանակավոր հրադադար է։ ՀՀ-ն աշխարհի թոփ 40-յակի ցանկում է տարատեսակ վիրուսներով վարակվածության առումով։ Այդ օրերին ՀՀ ամեն 20 համակարգիչ վարակված է եղել այս կամ այն վիրուսով։ Ի դեպ, Վրաստանում վիճակը շատ ավելի լավ է, քան ՀՀ-ում»: Նրա խոսքով` «ուանաքրայ» վիրուսը տարածվում է Windows թարմացումների արդյունքում։ Հենց այդ խոցելիությունն են օգտագործել հաքերները։ Վիրուսի արդյունքում ինֆորմացիան անհասկանալի է դառնում, այնուհետեւ հաքերները սկզբում 300, ապա 600 դոլար էին պահանջում` ապակոդավորման համար, սակայն գումարը ստանալով` երաշխիք չկար, որ կապակոդավորեն համակարգիչը։ Ի՞նչ պետք է անել։ Ըստ Արմեն Կարապետյանի` վիրուսի տարածման պատճառը անփույթ վերաբերմունքն է վիրտուալ աշխարհում` սկսած ֆեյսբուքից. «Մարդիկ շատ հաճախ մտածում են` ես հասարակ մարդ եմ, ինչ պիտի գողանան, սակայն դա արդարացում չէ։ Ցանկացած համակարգչային ծրագիր պետք է ունենա լիցենզիա, ծրագրերը պետք է թարմացվեն, համակարգչի մեջ պարտադիր պետք է անտիվիրուս ունենալ, որ ժամանակ առ ժամանակ համակարգիչը ստուգվի։ Օնլայն բանկային համակարգից օգտվելիս պետք է շատ զգույշ լինել, քանի որ այս պարագայում էլ վարակվելու վտանգը մեծ է, գաղտնաբառերից են հիմնական խնդիրներն առաջանում։ Դրանք պետք է տարբեր մեյլերի, կայքերի համար տարբեր լինեն, որպեսզի հաքերները մեյլերն ու այլ կայքեր եւս չջարդեն։ Գաղտնաբառերը պետք է բարդ լինեն, պետք է ալգորիթմ օգտագործել` ասենք, գաղտնաբառի վեջին երեք նիշը ձեր մտքում պահեք, որ թուղթը, որի վրա գրել եք գաղտնաբառը, եթե ընկնի ուրիշի ձեռքին, վեջին նիշերը ձեր մտքում լինեն։ Մեյլով եկող կից ֆայլերը չբացել։ Դա էլ է վիրուսի առիթ։ Մինչդեռ մարդիկ դաժան համառությամբ բացում են, ու ամեն ինչ անում են, որ վարակվեն»։ Նա նաեւ խորհուրդ տվեց, որ կարեւոր փաստաթղթերը բացի համակարգչից, լրացուցիչ բազաներում պահվեն, կրիչների վրա։