«Ինչպե՞ս կարող են մի տարածքում գտնվել հայն ու վրացին և չմրցել»
Հունիսի 3-ին «Հայ-վրացական համագործակցության ռազմավարություններ՝ գիտական հաստատությունների և ուսանողների ներգրավմամբ - 2» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր «Փնտրելով հայ-վրացական համագործակցության արդյունավետ ռազմավարություններ, գիտական և ուսանողական տեսնակյուն» խորագրով կլոր-սեղան քննարկում: Հայաստանի և Վրաստանի բուհերի ասպիրանտուրայում, մագիստրատուրայում և բակալավրի ավարտական կուրսերում սովորող 24 ուսանող ծրագրում ընդգրկված գիտական ուղղորդողների աջակցությամբ իրականացրել են համատեղ հետազոտություններ: Մասնակիցները քննարկել են Հայ-վրացական համագործակցության արդի վիճակը, երկու երկրի համընդհանուր մարտահրավերները, դրանց դիմակայելու ռեսուրսները: Քննարկման հիմքում հայ և վրացի հետազոտող ուսանողների գիտական աշխատանքներն էին, որոնք իրականացել էին ուսանողների և նրանց դասախոսների ջանքերով: Քննարկման երկրորդ հատվածում մասնակիցներին է միացել «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը: Նա գիտաժողովի երիտասարդ մասնակիցներին մաղթել է լինել նախաձեռնող՝ չսպասելով որևէ մեկի հուշելուն կամ օգնելուն: Ներկայացնելով իր մոտեցումը հայ-վրացական բարեկամությանը՝ նա նշել է, որ երկու ասպեկտով է առանձնացնում իր տեսակետը՝ աշխատանքային (2011-2014թթ. Վրաստանում եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) և երիտասարդության, որին այդ հարաբերությունները զարգացացնողն ու առաջ շարժողն է համարում: Նա նաև տեղեկացրել է, որ նախապես որոշված չի եղել գիտական աշխատանքներին տալ մրցույթի երանգ, սակայն հայ-վրացական հարաբերություն առանց մրցության անհնար է պատկերացնել. «Ինչպե՞ս կարող են մի տարածքում գտնվել հայն ու վրացին և չմրցել ու չպարծենալ, թե ում խոհանոցն է ավելի լավը, ում հեռուստաաշտարակն է մի քանի մետրով ավելի բարձր»,- կատակել է Հովհաննես Մանուկյանն՝ հավելելով, որ այս դարավոր ավանդույթը չի ցանկացել խախտել և ներկայացված աշխատանքներից լավագույն երկուսի հեղինակներ Մարիկա Ղարիբաշվիլիին և Աշխեն Հակոբյանին մրցանակներ է հանձնել: Նրանք պարգևատրվել են նաև «Կովկասյան գործընկերություն» պատվոգրերով` «Հայ-վրացական համագործակցության ռազմավարություններ՝ գիտական հաստատությունների և ուսանողների ներգրավմամբ - 2» ծրագրում ակտիվ մասնակցության, հասարակական և գիտական բարձր գիտակցություն ցուցաբերելու համար: Շնորհավորելով հաղթողներին՝ Հովհաննես Մանուկյանը կարևորել է միևնույն տարածաշրջանում ապրող երկու ժողովրդի երիտասարդության առողջ հաղորդակցումը՝ նկատելով, որ երիտասարդները միմյանց մասին քիչ պատկերացում ունեն և առավել շատ ճանաչում են եվրոպացի ամերիկացի հասակակիցներին ու նրանց մշակույթը: Նա եզրափակել է խոսքն՝ ընդգծելով, որ պետական քաղաքական մոտեցումից զատ՝ կարևոր է նաև ժողովրդական դիվանագիտության զարգացումը, որն ընդգրկում է կյանքի բոլոր ոլորտները և մնայուն ու անհրաժեշտ արժեք է երկու երկրի հարաբերությունների զարգացման և հաղորդակցման ամուր հարթակ հիմնելու հարցերում: Ծրագիրն իրականացվել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի կողմից` ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի, Վրաստանի մարդաբանների ասոցիացիայի հետ համագործակցությամբ և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կովկասյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: