Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՍՏ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻ` ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆՆ ԵՆ

Մշակույթ

Մեր եւ մեր մշակույթի միջեւ մեծ անդունդ կա. այսպես է կարծում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատու Սամվել Կարապետյանը:

Այսօր «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա ասաց, որ «Սուրբ Խաչ» եկեղեցու Թուրքիայի կողմից վերականգնումը պայմանավորված է քաղաքական եւ տնտեսական գործոններով: «Նորոգել են, որովհետեւ տուրիզմի շնորհիվ մեծ գումարներ են աշխատում»,- ասում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նշենք, որ «Սուրբ Խաչ» եկեղեցին, որը գտնվում է Ախթամար կղզում, բացվելու է ապրիլի 14-ին:

Ի դեպ, վերջերս սփյուռքահայ ընթերցողներից մեկը «Ա1+»-ին նամակ էր ուղարկել, որտեղ նշված էր, որ Բրիտանական թանգարանում Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը գտնվում է հռոմեական բաժնում, իսկ Ուրարտական մասունքները՝ «Հին Թուրքիա» վերնագիրը կրող բաժնում: Մեր այն հարցին, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրը, պատմաբան Սամվել Կարապետյանը դժվրացավ սպառիչ պատասխան տալ: «Քանի որ մենք տեր չենք կանգնում մեր մշակույթին, բնական է, որ այլ երկրները պետք է դրանից օգտվեն»,- ասում է նա:

Սամվել Կարապետյանը նաեւ մտահոգված է լեզվի խնդրով, քանի որ հայկական եկեղեցիների եւ վանքերի ցուցանակները գրված են օտար լեզուներով: Օրինակ՝ Արեւմտյան Հայաստանում գտնվող Տայքի վանքերի ցուցանակները գրված են թուրքերենով, անգլերենով եւ վրացերենով: «Անգամ Երեւանի շինությունների վրա հայերեն չեն գրում, ուր մնաց Թուրքիայում գրեն»,- ասաց պատմաբանը: Հիշեցնենք, որ այսօր աշխարհի շատ երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանում նշվում է մայրենի լեզվի անաղարտության տոնը:

Նշենք, որ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1987 թվականին: Այն զբաղվում է ազատագրված տարածքների հուշարձանների պահպանության խնդրով: Կազմակերպությունն իր գոյության 20 տարիների ընթացքում հասցրել է 5-6 վանք վերականգնել: