Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ՉԷ՞ ՊԱՐԱՐՎԵՍՏ

Մշակույթ

«Եթե արվեստը պիտի չունենա առաջընթաց, ուրեմն պետությունը պետք է հետ կանգնի իր արվեստից: Ֆինանսների պատճառով բազմաթիվ միջոցառումներ կամ չեն իրագործվում, կամ եթե իրագործվում են՝ շատ խղճուկ ծախսերով: Իսկ ինչը, որ խղճուկ է արվում, նա բեմում էլ է խղճուկ լինում, որը ցանկալի չէ»,- կարծում է Պարարվեստի ուսումնարանի տնօրեն, բալետմեյստեր Վիլեն Գալստյանը: Այսօր ուսումնարանը մասնակցության հրավեր է ստացել Բելառուսիայի կազմակերպած միջազգային մի փառատոնի, սական սաները հնարավոր է` չմասնակցեն:

«Մենք, ցավոք սրտի, հովանավորներ չունենք: Արտասահմանյան երկրներում՝ նույն Բրազիլիայում օգնում են նաեւ բանկերը: Ամեն բանկ, որ մի փոքր գումար հատկացնի, չի աղքատանա: Բայց մեզ մոտ դեռ մշակութային այսպիսի արժեքները քիչ են գնահատվում կամ չեն գնահատվում»,-ասում է նա: Անվանի բալետմեյստերի կարծիքով, անընդհատ խնդրողի դերում լինելն այնքան էլ պատվաբեր բան չի, հարցը պետք է պետականորեն լուծվի. «Ես վաղուց ասել եմ, որ եթե «Մետրոպոլիտեն» օպերան գոյություն ունի ԱՄՆ-ում, դա պահում են մեծ հզոր արտադրող կազմակերպություններ՝ Կոկա կոլա, Ջեներալ Մոթորս, Պեպսի Կոլա: Ամեն մեկը գումարի մի մաս տրամադրում է իր ազգի արվեստին»:

Ըստ նրա` իրենք դիմել են բազմաթիվ կազմակերպությունների, քաղաքապետարան, թաղապետարաններ, անհատ ձեռներերեցների` հույսով, որ կօգնեն, բայց անարդյունք:

403 սաներ եւ 80 ուսուցիչներ ունեցող այս ուսումնարանին չեն բավականացնում պետական բյուջեի հատկացումները: Ուսումնարանում բազմաթիվ շենքային չլուծված խնդիրներ կան. առաստաղից ջուր է կաթում, դահլիճները նորոգման կարիք ունեն: Ըստ տնօրենի, կառավարությունը խոստացել է օգնել:

«Երեւի պիտի գա օրը, որ մենք էլ կարողանանք մեր ուսումնարանին ցուցադրել միջազգային ասպարեզում: Մենք դրա իրավունքը վաղուց ենք ձեռք բերել, որովհետեւ մենք ունենք բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ տարբեր երկրներում, որոնց թվում է նաեւ իմ տղան՝ Դավիթ Գալստյանը: Այս ուսումնարանը ձեռք բերել է այդ անունը»,- ասում նա:

Ի դեպ, ուսումնարանի տնօրենը իրենց հաջողությունն է համարում ուսումնարանի 80 ամյակի միջոցառումները, որի ժամանակ 150 նոր զգեստներ են կարվել: