ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական երգարվեստում այնքան Արսեն Գրիգորյաններ կան, որ մարդիկ հաճախ շփոթում են մեկին մյուսի հետ: Վերջերս քաղաքում փակցված պաստառները, որոնք տեղեկացնում են 5 Արսեն Գրիգորյանների միասնական համերգի մասին, կրկնապատկեցին շփոթմունքը: Տեղեկացնենք, որ նրանցից երեքը՝ երգիչ են, մեկը դուդուկահար, իսկ ամենաերիտասարդը հայտնի է որպես «Ռուբիկոնի» հաղորդավար:
Ազգագրական երգերի կատարող Արսեն Գրիգորյանին տարբերելու համար մարդիկ նրան Մրո են անվանում, սակայն երգչի խոսքերով՝ դա ոչ թե իր բեմական անունն է, այլ ձայնասկավառակի անվանումը: «Ես տարբերվելու կարիք չունեմ, ժողովուրդը ինձ տարբերում է մյուսներից իմ երգերի ոճով, բացի այդ երգարվեստում ես առաջին Արսեն Գրիգորյանն եմ եղել»,- ժպտալով ասում է նա:
Երգիչը վշտացած է նրանով, որ որոշ կազմակերպություններ, օգտվելով երգարվեստում Արսեն Գրիգորյանների առատությունից, օգտագործում են իրենց անունը այնպիսի համերգների գովազդներում, որոնց իրենցից ոչ ոք չի մասնակցում: Անվան պատճառով նրան երբեմն շփոթում են այլ Արսենների հետ:
Մեր զրույցի ժամանակ նա հիշեց մի միջադեպ, երբ իրեն զանգահարել էր Բեյրութի ինչ-որ երգչախմբի ղեկավար եւ ցանկացել ճշտել, թե ինչ երգեր է նա երգելու Բեյրութում Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ համերգի ժամանակ: «Ես նրան ասացի, որ ես հրավիրված չեմ այդ համերգին, իսկ նա ասաց, որ արդեն պայմանավորվել է կազմակերպիչների հետ,- պատմում է Արսեն Գրիգորյանը,- հետաքրքրվեցի եւ պարզեցի, որ ոչ թե ես, այլ մեկ այլ Արսեն Գրիգորյանը պետք է գնար Բեյրութ»:
Երգիչն ասաց, որ Արսեն Գրիգորյաններին վաղուց է ճանաչում, իսկ նրանցից մեկի՝ «Վերելք» երգը կատարողի հետ լավ ընկերներ են: «Միշտ էլ ցանկացել ենք միասնական որեւէ բան անել, սակայն համերգի մտահղացման գաղափարը ոչ թե մեզ, այլ «G-production» ընկերությանն է պատկանում»,- ասում է Արսեն Գրիգորյանը:
Նա նաեւ նշեց, որ համերգի վերջում իրենք միասին մի ժողովրդական երգ են կատարելու, իսկ համերգին ներկա գտնվող Արսեն Գրիգորյաններին նվիրելու են մի ձայնասկավառակ, որտեղ ներառված են բոլոր երգիչների երգացանկերից մի քանի երգեր: Նշենք, որ այդ ձայնասկավառակը նախատեսված չէ վաճառքի համար: