ՊԱՐԱՐՎԵՍՏԸ ԹԱՆԿ ԱՐՎԵՍՏ Է
Աջակցիր «Ա1+»-ին«Ունենալով բալետային տաղանդավոր հայ աստղեր արտասահմանում եւ այստեղ, այնուհանդերձ պարարվեստի ընդհանուր վիճակը բավարար չեմ կարող գնահատել»,- ասում է անվանի բալետմեյստեր, Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Վիլեն Գալստյանը: Նա համարում է, որ ժամանակին բախտն իրեն ժպտացել է եւ ինքը Մաքսիմ Մարտիրոսյանի, Մարկ Մնացականյանի հետ միասին կարողացել է բարձրագույն կրթություն ստանալ Մոսկվայի համալսարանի բալետմեյստերական ֆակուլտետում` սովորել բալետմեյստերական արվեստի գաղտնիքները:
« Այսօր երիտասարդները չեն կարող մեկնել Մոսկվա սովորելու, քանի որ շատ թանկ է` տարեկան 10 000 դոլար: Բացի այդ բնակվելը եւս մեծ ծախսերի հետ է կապված»,- ասում է նա:
Սակայն ֆինանսական դժվարությունները եթե անտեսենք, ապա ըստ Վիլեն Գալստյանի, այսօրվա սերունդն ավելի լավ ներուժ ունի, քան նախորդը. «Սերնդափոխությունն ակնառու է. այսօվա աղջիկներն ավելի բարձրահասակ են, ավելի լավ կազմվածքով: Կարծում եմ, որ առաջընթաց կլինի»: Հետաքրքիր է, որ պարարվեստի ուսումնարանում դասական պարերի բաժինն անվճար է, որովհետեւ, ըստ Վիլեն Գալստյանի, այդ բաժին ընդունվում են միայն ընդունակները, իսկ նրանց թիվն այնքան էլ մեծ չէ: Լավ պարող դառնալու համար պետք են եւ ֆիզիկական տվյալներ, եւ աշխատասիրություն:
«Բալետի համար պետք է գեղեցիկ ոտնաթաթ, ճկուն մարմին, թռիչք, պտտվելու ունակություն: Տղան պետք է ֆիզիկապես ուժեղ լինի, որ աղջկան բարձրացնի: Դա մի ամբողջ կոմպլեքս է»,- նկարագրում է նա: «Պարարվեստի ուսումնարանում ունենք դասարաններ, որտեղ 10-12 տղաներ կան, եթե նրանք բոլորն էլ մտնեն Բալետի եւ Օպերայի թատրոն, մեր ուսումնարանը կբավարարի ազգային բալետի պահանջները, եթե, իհարկե, չմեկնեն հայրենիքից»,- ասաց բալետմեյստերը: Նա բնական է համարում Հայաստանից արտագաղթող տղաների հոսքը, քանի որ դրսում աշխատավարձն ավելի բարձր է, եւ նրանք 3000 եվրո աշխատավարձ են ստանում:
Ինչ վերաբերում է ուսումնարանի սաների զորակոչմանը, ապա պարուսույցը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին, որպեսզի տղաներին որոշակի ժամանակով բանակ չտանեն. «Հարցը լուծվեց մասնակի: Դափնեկիրներին, լավագույներին Սերժ Սարգսյանը տվեց տարեկետում եւ շնորհակալ ենք, որ բավական ջերմ եւ դրական մոտեցում կա այսօր: 5-6 տղաներ հնարավորություն են ստացել կատարելագործվելու: Դա բավականին արդյունավետ է, հույս ունենք, որ հետագայում նույնպես կշարունակվի այս դրական առաջխաղացումը»: