ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ ՀԱՅԵՐԸ ՀԻԱՆՈՒՄ ԵՆ «ԴՐՍՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ինԱլավերդու պատկերասրահում չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են այցելուներ ունեցել: Պատկերասրահը նույնիսկ այսօրվա պայմաններում հպարտանալու առիթ ունի. այնտեղ ներկայացվում են անվանի նկարիչների հայտնի գործեր:
Պատկերասրահի արժեքավոր կտավները անուշադրության են մատնվել հատկապես դպրոցականների կողմից, որոնք հիմնականում դժգոհում են քաղաքում ժամանցի վայրերի բացակայության համար: «Ալավերդին, իմ կարծիքով, պետք է ունենա պատկերասրահ, որովհետեւ այստեղ ցուցադրվող բոլոր նկարիչները մեծեր են, անհատներ են եւ իմ միակ ցանկությունն այն է, որ մեր մանուկ սերունդը կարողանա ճանաչել Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Խանջյանին, Թեռլեմեզյանին: Ինչո՞ւ պետք է գնանք Ֆրանսիա եւ այնտեղ Թեռլեմեզյանի նկարը տեսնենք հիանանք, չնայած, որ մեր քաղաքում էլ է ցուցադրվում»,- ասում է պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջահությանը:
Ի դեպ, Ալավերդու պատկերասրահի տարածքը չի համապատասխանում ընդունված չափանիշներին, ուստի հնարավորություն էլ չկա Ազգային պատկերասրահի նմուշներով Ալավերդիում ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպել:
Չնայած դրան տարիներ առաջ Ալավերդիի պատկերասրահում ցուցադրվել են Գարզուի, Մարտիրոս Սարյանի կտավները: Եթե շենքային պայմանները բավարարեն, ապա այսօր էլ հնարավոր կլինի Ազգային պատկերասրահից նկարներ բերել՝ ժամանակավոր ցուցադրությունների համար: Ալավերդիի պատկերասրահի տնօրենի խոսքերով, Ազգային պատկերասրահի տնօրինությունը պատրաստ է ամիսը մեկ կամ երկու անգամ նմուշներ տրամադրել ցուցահանդեսների համար: Սակայն, պայմանների բացակայության պատճառով Ազգային պատկերասրահի տնօրինությունը չի շտապում այդ գործում նախաձեռնություն ցուցաբերել:
Իսկ այսօրվա պայմաններում Ալավերդիի պատկերասրահն ունի ավելի արդիական խնդիր. պահպանել այն, ինչ ունի: