Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԼԵԶՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է

Մշակույթ

«Առ այսօր մեր մշակույթի գործիչները, նախարարությունը, իշխանավորները չեն կարծում, որ մշակույթը շատ ավելի կարեւոր է, քան գազի մարդը կամ նմանատիպ բաներ»,-ասում է երգահան Ռուբեն Հախվերդյանը:

«Ո՞վ է ասել, թե մենք նախկինում ունեցել ենք երգարվեստ, հիմա կտրուկ փոխվել է: Չեմ կարծում, որ երգարվեստ ենք ունեցել, որի վրա կարելի էր հենվել եւ առհասարակ, արվեստը ընենց բան է, որ ինքն իրենից է սկսվում, որեւէ բան չի շարունակվում»,- «Հայելի» ակումբում այսպես արտահայտվեց երգահանը: Ըստ նրա, երգարվեստը լեզվամտածողություն է: Չնայած, որ նա ժողովրդական երգերի սիրահար չէ, այնուամենայնիվ զայրույթով է նշում, որ Կոմիտասի չարչարանքներն անարդյունք են անցել. «Կոմիտասը հավաքեց ժողովրդական, հոգեւոր, գեղջկական երգերը, առան, տարան դրեցին թանգարան, որի վրա հաստ փոշի է նստել»: Իսկ թե ինչու չի սիրում, ունի իր ուրույն մեկնաբանությունը. «25 տարեկանում հասկացա, որ դրանք հայկական ժողովրդական երգեր չեն, դրանք մեր ազգի վզին փաթաթված գուսանական կամ աշուղական երգարվեստն է, որոնց մեջ կան լավ երգեր, բայց դրանք չէի համարձակվի ժողովրդական երգեր անվանել»:

Ռուբեն Հախվերդյանը բարձրացրեց եւս մեկ խնդիր. չունենք լավ երգ գրողներ. «Կարծում եմ, որ ամեն տեսակի երգիչ կամ երգչուհի, պետք է ունենա իր սեփական երգ գրողը, օրինակ Էդիտ Պիաֆի պես»: Երգչուհի Շուշան Պետրոսյանն էր, որը հրավիրվել էր նրա հետ բանավիճելու, ավելի հաճախ համաձայնվում էր երգահանի արտահայտած մտքերի հետ: Իսկ ժամանակակից երգարվեստին գնահատական տալիս, նշեց, թե կան հետաքրքիր ձայներ, բայց ձայնը դեռ բավարար չի, քանի որ կովն էլ ունի ձայն. «Պետք է ասելիք ունենան, ձեռագիր»:Վերջինս չի մեղադրում ակումբներում հանդես եկող երգիչներին,քանի որ, ըստ նրա, դժվար է ապրելը, երբ չկա հաստատուն աշխատավարձ. «Դա հանապազօրյա հացի վաստակն է, ես նրանց չեմ մեղադրում, ինչքան կարող են սպասել մարտի 8-ից ապրիլի 7-ը համերգներ լինի, որ փող աշխատեն»:

ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ ԳԱՐՇՈՒՄ Է

Երգահան Ռուբեն Հախվերդյանի գնահատմամբ, «Եվրատեսիլը» մի նպատակ է հետապնդում, որ հայերը ավելի անգլիացի դառնան, քանի որ այնտեղ պարտավոր են անգլերեն երգել. «Անգլերենից գարշելի լեզու ինձ համար գոյություն չունի, ոնց որ ծամոն ծամես: Ի՞նչ մեծ պատիվ է «Եվրատեսիլիում» երգելը, ինձ համար շատ ծիծաղելի է: Դա զզվելի բան է, ես տեսա չէ՞, թե այնտեղ ովքեր են երգում»: Նրա հետ համակարծիք է նաեւ երգչուհ Շուշան Պետրոսյանը:

Վերջինս «Եվրատեսիլը» առաջին անգամ դիտել է անցած տարի, քանի որ առաջին անգամ էր ներկայանում Հայաստանը: Շուշան Պետրոսյանի կարծիքով, այն այնքան էլ հիշարժան փառատոն չէ, քանի որ 1958 թ. գոյություն ունի եւ ընդամենը երկու անուն է տվել` Աբբա եւ Սելին Դիոն. «Մի հատ երգ հիշո՞ւմ եք, բացի մեր երգից, որը եթերում բազմաթիվ անգամ գնում էր: Դա ընդամենը քաղաքականություն է»:

ՏԵՍՆԵՍ ԱՐԵՅԱՆԸ ԼՍԵ՞Լ Է

Շուշան Պետրոսյանը եւ Ռուբեն Հախվերդյանը բնակվում են միեւնույն շենքում: Նրանց շենքին կից գործում է «Սկարլետ» ակումբը, որի ձայները սկսել են անհանգստացնել նրանց: «Ամեն առավոտ ինչ հայհոյանքներ են լսվում: Չնայած ութերորդ հարկում եմ մնում, բայց վերջին բառերը`«ինչ անելը» լսվում է»,-ասում է Ռուբեն Հախվերդյանը:

Նույն շենքում է բնակվում նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, եւ ըստ Ռուբեն Հախվերդյանի, նա հաստատ կլսի. «Անմիջապես իրա պատուհանի տակ է: Առավոտը մարմնավաճառ աղջիկը եւ նրանց աշխատացնողները մեծ կռիվներ են տալիս պատուհանի տակ. փողս շատ տվիր, քիչ տվիր: Բարդակի կողքն ենք ապրում»: