Ապագայում կունենանք 5 տոկոսանոց տնտեսական աճ. վարչապետ (տեսանյութ)
ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր քննարկվում է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկման սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հաշվի առնելով 2017-22թթ. Կառավարության նպատակադրումները՝ հարկաբյուջետային քաղաքականության մեջ փոփոխություններ են նախագծել. «Այն հիմնականում սահմանափակվելու է արտաքին պարտքի կայունությամբ, սակայն հարկաբյուջետային քաղաքականությունն իրականանալու է ծախսային մասի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերը»: Ըստ նրա՝ ընթացիկ զարգացումները հուսադրող են, սակայն տնտեսական աճի ցուցանիշները դեռեւս ամուր չեն՝ երկարաժամկետ տնտեսական աճին հավակնելու համար. «Որդեգրած հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայում ունենալու 5 տոկոսանոց տնտեսական աճ: Նշված ցուցանիշին հասնելը ծավալուն աշխատանք մեզնից կպահանջի: Հարկաբյուջետային քաղաքականությունը հստակ կանոններ կպահանջի: Մեր եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված՝ թե ստվերային տնտեսության կրճատմամբ, թե գործարար միջավայրի բարելավմամբ»: Վերջում վարչապետը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք ու լավ տրամադրություն: