Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում իր վարպետությունը կցուցադրի Գոնսալո Ռուբալկաբան (տեսանյութ)

Մշակույթ
gonsalo

Ջազի հիմքը դասական երաժշտությունն է, ջազի լեզուն և աֆրո արմատները։ Հոսուն, իրական, անկեղծ,պարտադրանքից դուրս երաժշտություն։ Սա է ջազը Գոնսալո Ռուբալկաբայի համար, ում Հերբի Հանկոկն անվանել է դարի լավագույն դաշնակահար։ «Երբ ինձ հնարավորություն է ստեղծվում երաժշտություն գրելու կամ կատարելու, որևէ ոճի մեջ ինձ չեմ սահմանափակում։ Աշխարհի տարբեր անկյուններում համագործակցել եմ աշխարհի տարբեր երաժիշտների հետ։ Այս ամենն ինձ համար անընդհատ աճելու հնարավորություն է՝ վերցնելու և տալու։ Սա սիրո և հաղորդակցության միջոց է։ Տարվա ամենաջազային իրադարձությունը «Yerevan Jazz Fest 2017» փառատոնն այսօր  կեզրափակվի համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբայի ելույթով։ Կմասնակցեն նաև Վահագն Հայրապետյան կվինտետը և սաքսոֆոնահար Ալեքսիս Ավագյանը։ «Ես միշտ բաց եմ հրավերների համար։ Մեկ շաբաթ առաջ Ճապոնիայում էի, այսօր Երևանում, իսկ վաղը Վիենայում եմ ելույթ ունենալու։ Սա է երաժշտի կյանքը, որն, ինչ խոսք, մեծ ջանքեր է պահանջում,սակայն և շատ բան է տալիս։ Տեսնում, շփվում ես տարբեր մարդկանց հետ, ծանոթանում տարբեր մշակույթների հետ, հարստացնում հոգիդ։ Իմ առաջին այցն է Հայաստան, ցավոք,վաղը մեկնելու եմ։ Սակայն հուսով եմ, հնարավորություն կունենամ մի օր նորից այստեղ գալու և հայ երաժիշտների հետ համագործակցելու»։ Ռուբալկաբայի ելույթը այս համերգին լինելու է դաշնամուրային մենահամերգ, որն իր կարծիքով, միշտ մարտահրավեր է և լավ հնարավորություն մենակատարի համար՝ իր վարպետությունը ցուցադրելու։ «Այո,-հաստատեց Վահագն Հայրապետյանը,- դաշնամուրային սոլոն առանձնահատուկ այցեքարտ է, ջազային երաժշտի հոգին բացելու հիանալի միջոց»։ «Այն որ երաժիշտ եմ, ճակատագիր է, կամ նախախնամություն։ Ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, սկսել եմ նվագել վեց տարեկանում,սակայն ոչ թե դաշնամուր,այլ հարվածային գործիքներ, հետո անցել եմ դասական դաշնամուրի դասընթացներ։ Այս ամենն իր հետքը իմ կատարողական տեխնիկայի վրա, ինչ խոսք իր հետքն է թողել»,-ասում է Գոնսալո Ռուբալկաբան։ Ալեքսիս Ավագյանը, որ արմատներով Վանաձորից է, նույնպես առաջին անգամ է Հայաստանում։ «Այսպես է ստացվել,- ժպտում է սաքսոֆոնահարը, սակայն այդ բացը որոշել եմ լրացնել և հնարավորինս հաճախ այցելել»։ «Yerevan Jazz Fest»-ը երեքամյա պատմություն ունի, սակայն Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի խոսքով , սա փառատոն է, որ արդեն մեծ ճանաչում ունի դրսում և «ջազաֆիկացնում» է քաղաքը, որի ապացույցը լիքը դահլիճներն են աշխարհում մեծ հռչակ վայելող երաժիշտների համաձայնությունը հյուրընկալ ջազֆեստին։