Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գենդերային բռնության դեմ պայքարն ու օրենսդրական բացերը ՀՀ-ում. ուղիղ (տեսանյութ)

Հասարակություն
gender-1024x794

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված ասուլիս «Գենդերային բռնության դեմ պայքարն ու օրենսդրական դաշտի բացերը Հայաստանում» թեմայով։  Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը համաշխարհային շարժում է`ուղղված կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը, որն անցկացվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը: Ասուլիսին մասնակցում էին ընտանեկան բռնությունը վերապրած Սիրանուշ Գալոյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը և Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Արփինե Արգուշյանը: Ըստ Կանանց իրավունքների կենտրոնի տվյալների` 2017-ի հունվարից հոկտեմբեր ամիսներին երևանյան գրասենյակի թեժ գծին ստացվել է 1513 զանգ, որից 1222-ը ընտանեկան  բռնության դեպքերով: Կանանց  խորհրդատվական և աջակցման կենտրոններ եղել է 399 այց, որից 129-ը առաջնային, 270-ը` կրկնվող: «Մեր մարզային ճգնաժամային կենտրոնները միասին ստացել են 2163 զանգ թեժ գծով, որից 1744-ը եղել են ընտանեկան բռնության զանգ: Մարզային աջակցման կենտրոններ այցերի թիվը ընդհանուր եղել է 937: Մենք աշխատում ենք Վանաձորում, Գավառում, Եղեգնաձորում, Գյումրիում և Երևանում»,-ասում է Արփինե Արգուշյանը: Նա ընդգծում է, որ իրենք բռնության ենթարկված կանանց և երեխաներին տրամադրում են իրավաբանի, հոգեբանի անվճար ծառայություն, խորհրդատվություն: «Ապահովում են փաստաբանի ներկայացուցչությունը դատարաններում, եթե դեպքը հրատապ է, ուղղորդում ենք նաև ապաստարան: Մենք պաշտպանում ենք թե՛ ընտանեկան բռնությունից տուժած կանանց, թե՛ երեխաներին»,- հավելեց Արփինե Արգուշյանը: Սիրանուշ Գալոյանն ասում է, որ ընտանեկան բռնությունը հանցագործության մի տեսակ է, որ կատարվում է փակ դռների հետևում: «Մարդը, որը ենթարկվում է բռնության, պետք է այդտեղից դուր գա, այդ միջավայրից նրան պետք է հանել, որովհետև այնտեղ նա կարող է ենթարկվել շարունակաբար թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բռնության: Օրենքի դաշտը բաց է: Եթե նոր օրենքը գործող լինի և համապատասխան մարմինները լավ աշխատեն, օրենքը կազդի…Բռնություն գործադրողի համար կարևոր է, որ զոհը մեկուսացվի հասարակությունից, հարևաններից, հարազատներից, ես կոնկրետ իմ դեպքով եմ դա ասում: Իսկ հայտնվելով մեկուսացման մեջ` զոհը սկսում է կախվածության մեջ լինել բռնարարից»,- ասում է Գալոյանը: Նվարդ Փիլիպոսյանն էլ նշում է, որ Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագծի նպատակը ընտանեկան բռնության զոհերին պաշտպանելն է: «Այսինքն օրենքը մեխանիզմներ է նախատեսում՝ ինչպիսիք անհետաձգելի միջամտությունն է և պաշտպանական որոշումը, որով բռնանարը որոշ ժամանակով պետք է հեռու մնա այնտեղից, որտեղ բնակվում է բռնության ենթարկված անձը կամ բռնության ենթարկվածին ապաստան տեղափոխելու հնարավորություն տալ: Սրանք մեխնաիզմներ են, որոնք հնարավորություն կտան բռնության ենթարկված անձանց պատշտպանության ինչ- որ օղակ գտնել»,- ասում է Փիլիպոսյանը: