Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը կյանքի է կոչում Սասնա ծռերի  «Ազգ-բանակ» կարգախոսը» (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer-2

Անհապաղ ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամ  Արամ Մանուկյանին, դադարացնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւ նրան տուժող ճանաչել: Այսօր դատարանում նման միջնորդությամբ հանդես եկավ պաշտպան Հարություն Բաղդասարյանը.  «Սասնա ծռերը կանխել են ավելի մեծ վտանգ, թույլ չեն տվել տարածքների հանձնում, ինչպես նաեւ իշխանությունը ընդունել է նրանց պահանջների իրավաչափությունը , իշխանությունը կյանքի է կոչում Սասնա ծռերի  «Ազգ –բանակ» կարգախոսը, թեպետ ոչ այնպիսին, ինչպիսին  նախատեսել  էին Սասնա ծռերը: Այս առումով ծռերը պարզապես օժանդակել, օգնել են ՀՀ պետության կայացմանը»:  Հարություն Բաղդասարյանի խոսքով՝  «Սասնա ծռերի» գործողությունները պայմանավորված են եղել ծայրահեղ անհրաժեշտությամբ եւ դրանք հանցագործություն դիտելը անթույլատրելի է։ Այն, փաստաբանի կարծիքով,  ապստամբություն է։ «Դուք որպես փաստաբան, որի պարտականությունների մեջ է մտնում իրավաբանական օգնություն ցույց տալ իր վստահորդին, պարտադիր չէ, քաղաքական տարր մտցնել միջնորդության մեջ»,- ասաց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանը:    Հարություն Բաղդասարյանը հայտարարեց, որ իրականում դատարանի մտավախությունը հասկանում է: «Դատարանն ինձ ասում է՝ պարոն Բաղդասարյան, դուք չգիտե՞ք մենք ինչ երկրում ենք ապրում»: Փաստաբաններից Երվանդ Վարոսյանը կոչ արեց դատավորին փաստաբաններին դասեր  չտալ. «Այս դատավարության ընթացքում քաղաքական տարրից խուսափելն անհնար է:  Կա գործողություն, կա նպատակ եւ ծնող պատճառներ»   Լիպարիտ Սիմոնյանն էլ ավելացրեց՝ միջնորդության մեջ  օրենքով արգելված որեւէ գործողություն առկա չէ։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արթուր Օհանյանը մերժեց  միջնորդությունը:  Սա առաջացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի դժգոհությունը: Նա հայտարարեց՝  Արամ Մանուկյանը տուժող է,  նա ցանկացել է օգնել Պավել Մանուկյանին.«Իրեն անզեն գնդակահարել են: Այս մարդը վիրավորվել է, այս մարդուն գնդակահարել են այն ժամանակ, երբ ինքը դուրս է վազել օգնելու գնդակահարված հորը»:     Դատավորի աչառու  լինելու փաստով Հարություն Բաղդասարյանը  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արթուր Օհանյանին, դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց միջնորդությունը: Այնուհետեւ պաշտպանական կողմը միջնորդեց փոխել Տիգրան Մանուկյանի եւ Վարդան Գերավետյանի խափանման միջոցները: Վարդան Գերավետյանը նաեւ հաշվարկներ էր արել, թե  տնտեսական ծանր վիճակում գտնվող պետությունը այս մեկ տարվա  եւ 4 ամսվա ընթացքում որքան գումար է   ծախսել իրենց վրա. «Մոտավորապես 32 անձի վրա ծախսվել է 150,000 դոլար, միգուցե այս խեղճ ու կրակ պետությունն այդ գումարները խնայեր եւ ծախսեր զենք-զինամթերք գնելու վրա: Մենք տնից դատարան կգնայինք եւ այդ խնայողությունը կլիներ»,-ասաց Վարդան Գերավետյանը:  Նրա  պատճառաբանությունները չհամոզեցին դատավորին: Նա որոշեց չփոխել «Սասնա ծռերի» երկու անդամների խափանման միջոցը: