Աղմկահարույց նախագիծը կքննարկվի ընդամենը մեկ ժամ (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումն ավարտվեց, եւ խորհրդարանը սկսեց քննարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումները: «Հարգելի ընդդիմադիր եւ կոալիցիոն գործընկերներ, սկսում ենք նիստը»,- դիմելով կիսադատարկ դահլիճին՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ապա, արձագանքելով պատգամավորների ակնարկներին, թե՝ ասեք, որ ՀՀԿ պատգամավորներ չկան, նշեց. «Դրանից ավելի էլ ոնց ասեմ՝ ոչ ՀՀԿ-ական, էլ ոնց բնութագրեմ...»: Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի նիստում որոշվել է հարցը քննարկել մեկ ժամվա ընթացքում: Աղմկահարույց նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը՝ նշելով, որ օրենքի նախագիծը դիտարկում է ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական բջջի պաշտպանություն, ընտանիքում բռնության ենթարկվածների անվտանգություն, նրանց իրավունքների ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցվածքներ, ընտանիքում համերաշխության վերականգնում եւ այս ոլորտում տարբեր կառույցների համապատասխան գործունեություն: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, նրան հարց ուղղելով, նշեց, որ համագործակցելով հասարակական տարբեր հատվածների հետ՝ որոշ դրական փոփոխություններ կատարվել են օրինագծում՝ չխախտելով ավանդական ընտանիքի գաղափարը՝ բաղկացած հայրիկից ու մայրիկից: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին հետաքրրքվեց՝ Կառավարությունն ունի՞ սահմանած մեր ընտանեկան ավանդույթների, արժեքների ցանկը. «Որո՞նք են այդ արժեքները, տվեք, մենք էլ ծանոթանանք, որ տեսնենք՝ համաձա՞յն ենք, թե ոչ: Այս ընթացքում այնքան աբսուրդ բաներ ենք լսել, օրինակ՝ այն ընտանիքում, որտեղ տատիկ ու պապիկ են, կամ քույր ու եղբայր են, նրանք ընտանիք չեն»: Վիգեն Քոչարյանը հայտարարեց, որ համաձայն չէ հնչած գնահատականներին. «Նման եզրույթներ կիրառվել են օրինագծում ընդհանուր կարգավորման գաղափարախոսության մեջ: Օրենսդրական ակտերը բառարանի դեր չեն կարող կատարել ու լայն մեկնաբանություններ տալ»: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, թե բուն օրենքի տեքստին իր ասածը չէր վերաբերում. «Այս օրենքի քննարկման կոնտեքստում այնքան բան ենք լսել ավանդույթների, արժեքների մասին, որ շատերի խոսքի կոնտեքստից ես հասկանում եմ, որ շատերը շատ աբսուրդ բաներ են նկատի ունենում, որ շատ բաներ աղբ են, որ պետք է նետել»: