«Որեւէ մեկը չի զարմանա, եթե Սերժ Սարգսյանը խախտի խոստումը և զբաղեցնի վարչապետի պաշտոնը» (տեսանյութ)
2015 թ դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով Հայաստանում քաղաքական պայքարն ավարտվել է։ « Ըստ էության կարող ենք ասել ընտրական ճանապարհով, քաղաքական ճանապարհով փոփոխության ճանապարհը Հայաստանում փակեց»,- ասում է «Չեք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը: Ուղիղ երկու տարի առաջ Սահմանադրական հանրաքվեի արդյունքում Հայաստանը կիսանախագահականից անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի: Մինչդեռ, ըստ Դավիթ Հովհաննիսյանի, Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ միայն նախագահական ընտրություններով է հնարավոր որոշակի փոփոխություններ։ «Չեք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչը պնդում է տեսակետը, որ սահմանադրական բարեփոխումները մի նպատակ էին հետապնդում՝ Սերժ Սարգսյանի համար ստեղծել վերարտադրվելու հնարավորություն. «Կրկնակի մարտահրավեր էր Սերժ Սարգսյանի համար, նա պետք է ընտրեր իրավահաջորդ, որը հետագայում կարող էր իր հետ վարվել այնպես, ինչպես ինքն էր վարվել իր նախորդի հետ: Համարվում է, որ կա պայմանավորվածություն Ռոբերտ Քոչարյանի հետ, իր նախորդի հետ միասնական իշխանավարման շուրջ, որը չի պահպանվել»: Նա պատահական չի համարում, որ Սահմանադրական փոփոխություններից հետո ձեւավորվեցին խմբեր՝ իշխանափոխության հասնելու համար. «Երբ դու ասում ես, որ թույլ չեմ տալիս ընտրական ճանապարհով փոփոխություն, թույլ չեմ տալիս քաղաքական ճանապարհով փոփոխություն, բնակարանաբար կարող են առաջանալ խմբեր»,- ավելացնում է «Չեք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչը: Դավիթ Հովհաննիսյանը PR տեխնոլոգիա է համարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե չի շարունակելու կառավարել երկիրը 2018թ ապրիլից հետո: Մինչդեռ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ առաջնորդի դերում տեսնում են միայն Սերժ Սարգսյանին. «Ոչ մեկի համար զարմանալի չէ, որ Սերժ Սարգսյանը կարող է խախտել խոսումը եւ հենց ինքն էլ զբաղեցնի վարչապետի պաշտոնը կամ կլինի որեւէ անձ, ում կվստահի մինչեւ վերջ, ով կլինի իր մարիոնետը քաղաքական դաշտում»: Ինչպե՞ս են ազդել սահմանադրական փոփոխությունները արդարադատության վրա: Փոփոխությունները այն բարեփոխելու նպատակով էին նաեւ արվում. «Հայաստանում չի կարող լինել անկախ դատական համակարգ, ոչ մենք ենք այդ պետությունը, ոչ հասարակությունը: Ոչ ոք մեր հասարակության մեջ պատրաստ չէ պատժի անխուսափելիությանը: Դու չես կարող փող տալ դատավորին եւ ազատվել պատժից: Սա մեր ժողովուրդը չի ընդունում»,- ասում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ Նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2018թ.–ի ապրիլից,երբ ավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։