Ընդլայնվել է երեխայի սեփական կարծիք արտահայտելու իրավունքը
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր սկսվեց «Ընտանեկան օրենսգրքում» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկումը: Այն ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նա նշեց, որ փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է Սահմանադրությունից, քանի որ կան նոր կարգավորումներ, ըստ որոնց՝ ամրագրվել է ամուսնության ազատությունը, երեխաների, ծնողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ՝ կան միջազգային կոնվենցիաներից բխող պարտավորություններ. «Ընկեցիկ երեխաների մասով, որպեսզի հնարավոր լինի ընտանիքի վերամիավորումը, մենք ամրագրում ենք, որ երեք ամիս հետո միայն կարող են երեխային որդեգրել եւ այն էլ այն պայմանով, երբ ոստիկանությունը փնտրի ու չգտնի ծնողներին: Մենք ամրագրել ենք՝ եթե կա գրանցված ամուսնություն, միայն երկու ամուսինների համաձայնության դեպքում հնարավոր կլինի որդեգրել: Ամրագրվել է նաեւ՝ որդեգրողի ընտանիքում խնամքի նկատմամբ վերահսկողություն, ինչպես նաեւ՝ խնամատար ընտանիքի դեպքում վերահսկողություն: Ամրագրվել է նաեւ երեխայի լավագույն շահի հասկացողությունները: Ընդլայնվել է երեխայի սեփական կարծիք արտահայտելու իրավունքը. ամրագրել ենք, որ մինչեւ տասը տարեկան երեխայի կարծիքը հաշվի է առնվում նրա զարգացվածության աստիճանին համահունչ: Որդեգրման դեպքում սահմանվել է շեմ՝ 50 տարուց ավելի չի կարող լինել: Մենք քրեական պատասխանատվություն ենք սահմանել այն դեպքերում, երբ կա դատարանի վճիռ՝ տեսակցելու հետ կապված եւ այդ տեսակցությունը խոչընդոտվում է: Հստակեցվել են խնամատար ընտանիքներին ներկայացվող պահանջները: Ծնողական պարտականությունները չկատարելու համար գործող օրենքով շատ խիստ պատիժ է սահմանված, մենք կարծում ենք, որ այդ պատասխանատվությունը կգործի, եթե երեխայի իրավունքների համապատասխան խախտում լինի»: Փոխնախարարին հարց ուղղելու համար հերթագրվել է 8 պատգամավոր: