A
A
ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Ելքի նախագծին (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր քվեարկեց նախորդ օրը քննարկված նախագծերը: «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» ԱԺ խմբակցությունների հեղինակած նախագծի քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը վարման կարգով նշեց, որ մի քանի առաջարկով էր հանդես եկել, սակայն նախագծի հեղինակները դրանք հաշվի չեն առել.
«Որեւէ ցեղասպանության ճանաչման բանաձեւում ճանաչում արտահայտությունը չի օգտագործվում. դատապարտումն ինքին ճանաչման ակտ է: Փաստաթղթղավորված նյութերը ենթադրում են Մերձավոր Արեւելքի այդ հատվածում եզդի, քրիստոնյա այլ էթնիկ փոքրամասնությունների եւ որ սյունի մահմեդական խմբերի ցեղասպանության իրականացում: Մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի մոտեցման մեջ եւ խնդրում եմ՝ չկրկնել այդ սխալը: Խնդրում եմ՝ իրերն անվանել իրենց անուններով եւ ամբողջական դատապարտել»:
Նախագծի համահեղինակներից ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն ի պատասխան ասաց, որ ստացել են առաջարկներ եւ հիմնավորեց, թե ինչու են մերժել այդ առաջարկությունները. «Տվյալ ճանաչումը վերաբերում է կոնկրետ Իրաքի դեպքում եւ կոնկրետ եզդիների հանդեպ տեղի ունեցածի մասին է: Ես չեմ բացառում, որ ԱԺ-ն իր գործունեության ընթացքում կանդրադառնա նաեւ Սիրայում, Մերձավոր Արեւելքի տարածքներում տեղի ունեցած ողբերգություններին, այդ թվում՝ այլ ժողովուրդների հետ կապված»:
Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 90 կողմ:
«ՀՀ ջրային օրենսգրքի» փոփոխությունները եւս ընդունվեցին 65 կողմ, 1 դեմ, 25 ձեռնպահ: Մինչ քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը նշեց, որ իրենց խմբակցության առաջարկությունները չեն ընդունվել. «Մենք առաջարկում էինք, որ որոշ համայնքների ազատել մաքրման կայաններ ստեղծման պահանջից, քանի որ դա լրացուցիչ բեռ է համայնքային բյուջեների համար: Այդ պատճառով մենք ձեռնպահ ենք քվեարկելու»:
Ելք խմբակցության հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունները եւս անցան միաձայն՝ 92 կողմ ձայներով: