Առաջարկում ենք խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակել. Մարուքյան (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել Ելք խմբակցության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ առաջակում են, որպեսզի լիազոր մարմինը ստուգի խաղատներ մուտք գործող անձանց աձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի մասին. «Մենք առաջարկում ենք, որ մոլախաղերով հրապուրվելու հետեւանքով, իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով, սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակվեն: Դրա համար կարգ է նախատեսվում: Նաեւ առաջարկում էինք, որպեսզի անձը կարողանար ինքն իրեն սահմանափակել, սակայն այդ մասով հրաժարվեցինք՝ համաձայնելով, որ այդ մասով առանձին նախագիծ բերենք: Իրավիճակն այն է, որ մինչեւ 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահի տարածք եւ խաղադրույքներ կատարել, սակայն որեւէ ընթացակարգ չունենք, որ խաղասրահը հսկող սուբյեկտը հսկի տարածքն ու պատասխանատվություն կրի դրա համար: Մարդը, եթե թուլություն ունի գնալ խաղատներ ու գումարներ տարվել, միգուցե ալկոհոլի ազդեցությամբ է դա եղել, կամ ուղղակի ժամանակ անցկացնելու համար է դա եղել ու հետագայում նա գիտակցում է, որ ինքն իրեն ու իր ընտանիքին դրել է ծանր կացության մեջ»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, հարց ուղղելով նրան, նկատեց, որ ինքնարգելքի ինստուտն իր համար խորթ է. «Առաջին անգամ եմ լսում այդ մասին»: Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս համակարգը ԱՄՆ մի շարք քաղաքներում գործում է, երբ անձը դիմում է գրում բանկերին, որով արգելում է ինքն իրեն գումարի կանխիկացումը. «Եթե հասկանում է, որ այդ հոբբին հաղթահարել է, կարող է գնալ ու այդ արգելքը հանել»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ կարեւոր նախաձեռնություն է սա, քանի որ ԱՀԿ-ն խաղամոլությունը համարել է հիվանդություն նույնպիսի, ինչպիսիք են ալկոհոլիզմն ու թմրամոլությունն է. «Ուզում եմ հասկանալ՝ ինքնարգելանքին ինչո՞ւ է դեմ Կառավարությունը. եթե մարդն ընդունում է, որ ինքը հիվանդ է, Երոպայում ու ԱՄՆ-ում բուժվում են այդ կախվածությունից: Ինքնասպանության դեպքեր էլ կան, վերջերս 27 տարեկան մի երիտասարդ ինքնասպան եղավ՝ տանուլ տված գումարների պատճառով, քանի որ չէր կարողանում վճարել ու այդ կախվածությունը հաղթահարել»: Ի պատասխան Էդմոն Մարուքյանը նշեց, որ Կառավարության մերժումը իրավական բնույթի էր. «Պնդում էին, որ Քաղաքացիական օրենսգիրքը թույլ չի տալիս, որպեսզի անձն ինքն իրեն սահմանափակ ճանաչի»: Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ երբ ինքը լրագրող էր, պատրաստել էր վերլուծական հոդված, որի շրջանակներում զրուցել էր նման կախվածություն ունեցող անձանց հետ, եւ այդ մարդիկ ասել են՝ եթե որեւէ արգելակ լինի, որ իրենք իրենց կարողանան արգելել, իրենք այդ քայլին չեն գնա. «Այսինքն, սոցիոլոգիական հարցումները դրա օգտին են խոսում, որ մարդուն տվյալ պահին պետք է արգելանք, քանի որ հաջորդ քայլին նա զղջալու է: Տվյալ պահին մեկը պետք է արգելի, եւ այդ մեկը թող լինի օրենքը»: