Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչել և հուշարձան տեղադրել. «Երկիր Ծիրանի»
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես է եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու և հուշարձանը տեղադրելու մասին իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ: Հայ ազգին Վուդրո Վիլսոնը առավել հայտնի է Սևրի դաշնագրից բխող՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի իր Իրավարար վճռով, որով անկախ Հայաստանին էր վերամիավորվում Արևմտյան Հայաստանի շուրջ 90 հազար քառակուսի կմ տարածք՝ դեպի ծով ելքով: Իրավարար վճիռը մինչ օրս համարվում է պաշտոնական փաստաթուղթ, որում առկա՝ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագծումը (դեպի ծով ելքով) նաև հանդիսանում է Միջին Արևելքում տարածաշրջանային քաղաքական քարտեզի նորովի ձևավորման հիմք: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կարևորում է Սևրի պայմանագրի բաղկացուցիչ Վիլսոնյան Իրավարար վճիռը, Վուդրո Վիլսոնի հայանպաստ գործն ու մարդասիրական գործունեությունը (Խաղաղության ծրագրի հայտնի 14 կետեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր), ինչը ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացներում կրկին արդիական է: Կից ներկայացվում է նախագիծը: ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ: Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում, երևանցիների համար հայտնի որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ, Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրելու մասին: Նախագծի հեղինակներ՝ Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ՝ Զ.Փոստանջյան Մ. Խաչատրյան Ս. Աղեկյան «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն