Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻԻՀ քաղաքացին ապաստան է խնդրել Հայաստանից՝ քրիստոնյա դառնալու համար (տեսանյութ)

Հասարակություն
paxstakan

Օսկով Բիժակը  չի սիրում խոսել պատճառների մասին, թե ինչը դրդեց իրեն հեռանալ հայրենի Իրանից եւ ապաստան խնդրել Հայաստանից։  15 տարի առաջ էր, երբ եկավ Հայաստան, իսկ այսօր արդեն ՀՀ քաղաքացիություն ունի։ Օսկով Բիժակը արդեն քրիստոնեություն է ընդունել  Հայաստանում։ Հայկակական եկեղեցի այցելել է  դեռ Պարսկաստանում: «Իրանում գաղտնի էի գնում, չէի ուզում ոչ ոք իմանար: Եկեղեցիները բաց էին միայն կիրակի օրերին»: Օսկովն  օրվա մեծ մասն անցկացնում է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում, հիմնականում անգլերեն գրքեր է ընթերցում, չնայած, որ մի քանի լեզվի է տիրապետում՝ պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, քրդերեն։  Հայերեն  սովորել է Հայաստանում։ Օսկովը ժամանակ առ ժամանակ օգնում է պարսիկ զբոսաշրջիկներին՝ կազմակերպել իրենց հանգիստը Հայաստանում: Այդպես է գումար  վաստակում, դեռ հիմնական աշխատանք չունի: «Ուզում էի ինքնուրույն  աշխատանք գտնել՝  չստացվեց, ասում էին՝ հեռախոսդ տուր կզանգենք, պետք է  ծանոթ կամ բարեկամ ունենաս աշխատանքի տեղավորվելու համար»: Իր ապրած 15 տարիների ընթացքում Հայաստանում շատ բան է փոխվել: «Հիմա առաջվա նման չէ, փոփոխություներ կան, ես աղոթում եմ, որ մարդիկ ուրիշ տեղ չգնան, մնան Հայաստանում»: ՀՀ-ում ապաստան հայցողների միջին թվաքանակը տարեկան կազմում է 80-100 անձ, ասում է  Միգրացիոն պետական ծառայության «Ապաստան» հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը: «2017-ին 151 օտարերկրյա քաղաքացի է դիմել  փախստականի կարգավիճակ ստանալու համար, որոնցից 99-ը արդեն օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից»: Արդյո՞ք փախստականի կարգավիճակ ստանալուց հետո, անձինք  կարողանում են ապրուստի բավարար հնարավորություններ գտնել և հարմարվել նոր միջավայրի:  «Ե՛վ սոցիալական, ե՛ւ կրթական հարցերում նրանք ունեն ՀՀ քաղաքացիներին համահավասար իրավունքներ՝ բացառությանբ քաղաքական իրավունքներից»: Ի դեպ, ՄԱԿ-ի տվյալներով՝  Հայաստանում փախստականները կազմում են հասարակության ամենաաղքատ խավը: